Մկրտիչ Մինասյանը մտահոգություն է հայտնում Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի վերաբերյալ

Վերջին օրերին Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մեծ աղմուկ հանած թեմային այսօր «Վարկած» ակումբում անդրադարձաել է նաեւ ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Նրա խոսքով՝ Հանրապետության հրապարակը որոշակի խնդիրներ ունի՝ կապված երթեւեկության հետ, բայց դրանք այդքան հրատապ չեն եւ նույնքան հրատապ լուծումներ չեն պահանջում: Ըստ Ճարտարապետների միության նախագահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի դրույթները ճարտարապետական խորհրդում ավելի մանրամասն պետք է քննարկվեին, ինչը, նրա ասելով, չի արվել:

«Ինձ ավելի շատ անհանգստացրեց մրցույթի պայմանների մեջ այն պարբերությունը, որտեղ ասվում էր, որ հնարավոր է՝ հրապարակն ունենա ծավալատարածական փոփոխություններ: Ճարտարապետական հանձնաժողովում մրցույթի պայմաններն ավելի մանրամասն պետք է քննարկվեին: Մրցույթի պայմաններում կան որոշ բաներ, որոնք կարելի է ուղղել»,- ասել է Մ.Մինասյանն ու հավելել, որ հրապարակի երթեւեկության խնդիրը կարելի է լուծել՝ ուղղորդելով հրապարակ մտնող երթեւեկությունը:

Այն նկատառմանն, որ Փակ շուկայի եւ ԱԳՆ-ի շենքի դեպքում նամակ գրելն արդյունավետ չեղավ, այս անգամ պայքարի ո՞ր ձեւն են ընտրելու, ՀՀ Ճարտարապետների միության նախագահը պատասխանել է. «Մենք միայն կարող ենք հասարակությանը ծանոթացնել խնդրին: Հանրապետության նախագահին նամակը գրելն այլեւս ճիշտ չէ, քանի որ նա ավելի կարեւոր խնդիրներով է զբաղված: Ընդհանրապես պետք չէ կենտրոնանալ նախագահի վրա, քանի որ կա կառավարություն, իսկ կառավարության մեջ՝ համապատասխան գերատեսչություններ: Հասարակական ճնշում էլ պետք չի, պետք է խոհեմ լինել ու մրցույթի տեխնիկական կողմերը զտել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում