Արթուր Դանիելյանը համարում է, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում

Արթուր Դանիելյանը համարում է, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ով ձեռնաշղթաներով ոստիկանություն էր տարվել, քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից։

Լրագրողների հետ զրույցում Դանիելյանն ասաց, այսօր առավոտյան իրեն ուղարկել են մի հոդված։

«Այն գրված էր շատ ծանոթ անձնավորության ոճով, որտեղ ինձ և իմ ընկերներին մեղադրում էին հիբրիդային պատերազմ հրահրելու մեջ։ Մեր նկարն էր օգտագործված՝ վրան ծաղկավոր թիթեռնիկ ֆոտոշոփ արված։ Հոդվածը կարդալուն պես ես հասկացա, որ մեզ բոլորիս շատ քաջ ծանոթ մի ծաղրածու, այսօր հերթական շոուն է կազմակեպելու։ Շոուն հետևեց։ Երկու ժամ հետո մեր գրասենյակ եկան ինձ համար անհայտ դրդապատճառներով բերման ենթարկեցին։ Չհասկացա, ինչու են ձեռնաշղթա կիրառում, որևէ դիմադրություն ես չէի ցուցաբերել, չէի էլ պլանավորում»,-պատմեց նա։

Դանիելյանի խոսքով, իրեն մեղադրում են, որ ինքը սպառնացել է ծանր մարմնական վնաս հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։

«Եվ սա այն պարագայում, երբ տառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել էր նիկոլապաշտ ակտիվիստը, այսպես ասեմ։ Խոսքը վերաբերում է այն հայտարարությանը, որում ոստիկանությունը նախկինում որևէ հանցակազմ չէր տեսել։ Երբ Ջիվան Աբրահամյանը ասել էր, առաջին կոչ անողը կլինի, որ Բակո Սահակյանի գլուխը քարերով ցխեն»,- մանրամասնեց Արթուր Դանիելյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունն արել է, իմանալով, որ ոստիկանությունը դրա մեջ որևէ հանցակազմ չի տեսնում։

Ընդդիմադիր կուսակցության հիմնադիրի խոսքով, հաստատվեց այն փաստը, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ։

«Եթե դու քայլարած ես, քայլ ունես արած հանուն այս իշխանությունների, դու անձեռնմխելի ես, մինչդեռ եթե դու քաղաքական ընդդիմախոս ես ու համարձակվում ես կրկնել այլ քաղաքացի համարվող քայլարածներին, դու հետապնդվելու ես բոլոր առումներով, ոչ միայն իրավական»,- ասաց Դանիելյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում