Նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը

Նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Եթե սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, ապա անտաղանդների վերջին հանգրվանը ներքին թշնամիների ու ներքին դավադրության փնտրտուքն է: Այս կործանարար գործընթացի առանձնահատկությունն այն է, որ երբ սեփական կառավարչական անկարողությունն ու մտքի բացակայությունը փորձ է արվում քողարկել ներքին թշնամիների փնտրտուքով, ապա մեղավորներ միշտ գտնվում են: Եվ միայն հիվանդ ուղեղներում կարող է ծնվել միտքը, թե պերմանենտ ինչ-որ մեկին մեղավոր կարգելով, թշնամի հռչակելով, դավադիր նշանակելով կարելի է «մարդուն զատել անասունից» և եկիրը զերծ պահել տարածաշրջանում ահագնացող պատերազմական վտանգներից:

Եթե իշխանության կրողները մոտալուտ պատերազմի վտանգ են տեսնում, եթե հետախուզական տվյալների և բաց աղբյուրներից ստացված տեղակատվության վերլուծության համադրությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է արտաքին ներխուժման վտանգի առջև, ապա իշխանության կրողն ու երկրի անվտանգության պատասխանատուն պարտավոր է ահազանգի կոչ հնչեցնել, այլ ոչ թե ներքաղաքական գործընթացում դիրքային առավելություն ստանալու կամ ամբոխին զբաղեցնելու համար աջին ու ձախին թշնամի և դավադիր նշանակել: 1918-ին Արամ Մանուկյանը գնաց այդ ճանապարհով և էվակուացման շեմին կանգնած Երևանը փրկվեց: 1992-ի ամռանը Վազգեն Սարգսյանը գնաց այդ ճանապարհով ու Սրխավենդի խաչմերուկից թշնամին հետ շպրտվեց` կանխելով Ստեփանակերտի վերահաս անկումը: Եթե երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ապա մարդկանց պետք է դիմել հայրենակիցներով, քույրեր և եղբայրներով, այլ ոչ թե հներով ու նորերով, ներքին թշնամիներով ու դավադիրներով, հեղափոխականներով ու հակահեղափոխականներով: 1941-ին նույնիսկ Ստալինն իջավ իր գոռոզության պատվանդանից ու մարդկանց դիմեց եղբայրներ և քույրերով:

Որովհետև պատերազմի դեպքում մենք բոլորս ենք մի նավի մեջ ու անկախ մեր շահերից, նախասիրություններից և ճաշակից` այդ նավն ունի ընդամենը մեկ նավապետ: Եվ նա պարտավոր է խաղեր չտալ պատերազմ երևույթի հետ: Եթե կա պատերազմի վտանգ, ապա իշխանության կրողն ունի դրան պատրաստվելու ամբողջական գործիքակազմ: Պետական ապարատը պատրա՞ստ չէ, լավը՞ չէ, շատ լավ, փոխեք պետական ապարատը, բերեք նրանց, ովքեր կարող են պատերազմի ժամանակ թիկունքը կազմակերպել, լոգիստիկան ապահովել: Դա ձեր անմիջական պարտականությունն է, դա ձեր գործի անունն է: Զինվորական հրամկազմում խնդիրնե՞ր կան, շատ լավ, փոխեք այդ մարդկանց, եթե կուզեք` Մխիթար Հայրապետյանին գեներալի կոչում շնորհեք և կորպուսի հրամանատար նշանակեք: Բայց գործեք պարոնայք, պատերազմը խաղուպար չէ, ոչ էլ հնարավոր է տանուլ տված պատերազմի մեղքը բարդել ուրիշի վրա: Անկեղծ ասած, իմաստ էլ չկա: Հավատացեք, նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում