«Ես Ձեր սաղի ցավն էլ տանեմ, Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանեք»

«Ես Ձեր սաղի ցավն էլ տանեմ, Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանեք»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Դուք Ձեր հարցը հասկանո՞ւմ եք, Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ հարց եք տալիս Ծառուկյանին»,- այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողին, երբ վերջինս նրան հիշեցրեց լրագրողական կազմակերպությունների պահանջի մասին, որ ինքը պետք է ներողություն խնդրի լրագրողներից՝ անբարեկիրթ վերաբերմունքի և վիրավորելու համար:

Հարցին՝ արդյոք պատրաստվում է այդ պահանջը կատարել, նա նախ նշեց, որ կազմակերպությունները դա պետք է պահանջեն իրենց լրագրողներից. «Կարող եք բոլոր տեսաժապավենները նայել։ Ծառուկյանը երբեք բացի ջերմ, քաղցր վերաբերմունքից… բայց եթե լրագրողները թույլ են տալիս ինչ-որ այնպիսի բաներ, որ դա սազական չի: Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»։

Դիտարկմանը, թե իրեն ոչ ոք չի վիրավորել, լրագրողները պարզապես հարց են տվել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ի՞նչ հարցեր, էսօր հանրությունն էլ, ժողովուրդն էլ զգում ա, որ Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանեք։ Ես ձեր սաղի ցավն էլ տանեմ, եթե Դուք ինձ հարց տաք լիարժեք, հարցին կպատասխանեմ»:

Նրա խոսքով՝ իրեն միշտ նույն հարցերն են տալիս. «Մեկ տարի է անգիր արած երեք հարց ունեք, դուք գիտեք, որ մարդ ա, կարող ա հունից հելնի, բայց ճարահատված հունից էլ դուրս չեմ գալիս, ես հետո նայում եմ, թե ոնց եմ կարողանում ինձ զսպել։ Եթե Դուք կուլտուրական, տեղը տեղին, էսօրվա իրականությունից, իրադրությունից հարցեր տաք, ես շատ սիրով, տեղը տեղին բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ուժեղ, հզոր մարդը երբեք իրեն թույլ չի տալիս որևէ մեկին վիրավորել»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես պատասխանելով հարցին՝ երկրում կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե ոչ, ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ճգնաժամ չի տեսնում. «Ոչ մի բան էլ չենք նկատում, մարդիկ չպետք է քնեն, հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն, միտք ասի, ու ամբողջ բանը էդ ուղղությամբ գնա»։

Հարցին՝ հնարավոր է, որ ԱԺ-ում քննարկումներ կազմակերպվեն Վահե Գրիգորյանի նամակի հետ կապված, իրենք կմասնակցեն այդ քննարկումներին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Երբ մեզ դիմեն, պատրաստ ենք խմբակցությունում հավաքվել և քննարկել: Ձեզ տեղյակ կպահենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում