Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը

Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի՝ պատժամիջոցների մասին կայացրած որոշումը ոչ մի կերպ չի ազդելու Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, իրականացվող հորատման աշխատանքների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ը հրապարակել է գրավոր հայտարարություն:

«ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հրապարակած որոշման մեջ չի նշվում, որ Կիպրոս կղզու բնական ռեսուրսների նկատմամբ Կիպրոսի թուրքերը հույներին հավասար իրավունքներ ունեն: Այս առումով ԵՄ-ն անկողմնակալ չի գտնվել»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ նաև ասվում է, որ Կիպրոսի հարցը մինչ օրս չի լուծվել, քանի որ Կիպրոսի հույները 1963 թվականից այս կողմ չեն ճանաչում Կիպրոսի թուրքերի հետ քաղաքական հավասարություն ունենալու հանգամանքը:

«Այս հարցի շուրջ լուծում հնարավոր կլինի գտնել միայն Կիպրոսի թուրքերի իրավունքների պահպանումը երաշխավորելու պայմաններում, երբ ԵՄ-ն ընդունի, որ Կիպրոսի թուրքերը կղզու նկատմամբ ունեն հույներին հավասար իրավունքներ»,- գրված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում