Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, այսօր տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնում է, որ հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։

Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվեցին կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի անդամ տարբեր երկրների արձագանքների վերաբերյալ:

Փաստաթղթի վերաբերյալ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։

Հիշեցնենք, որ Գևորգ Դանիելյանը կոնվենցիան հակասահմանդրական է համարում, Արա Զոհրաբյանն էլ չվավերացնելու պահանջով ստարագրահավաք է սկսել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում