Ստեփանակերտում Փաշինյանի որոշ հայտարարությունները մարտահրավերներ են պարունակում Արցախյան կարգավորման համար. փորձագետ

Ստեփանակերտում Փաշինյանի որոշ հայտարարությունները մարտահրավերներ են պարունակում Արցախյան կարգավորման համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունները մարտահրավերներ են պարունակում Արցախյան կարգավորման բանակցային գործընթացի համար: Times.am-ի լրագրողի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանն՝ անդրադառնալով նախօրեին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետի կողմից հնչեցրած «միացում» և «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարություններին:

«Արցախի և Հայաստանի միավորումը համայն հայության համար վերջնական նպատակ է, և համահայակական օրակարգի մասին ելույթում վարչապետի կողմից մեր այդ նպատակի բարձրաձայնումը կարելի կլիներ դիտել միանգամայն նորմալ, եթե չլինեին կարգավորման գործընթացում դրանից բխող մարտահրավերները: Չպետք է մոռանալ, որ պետության ղեկավարի հայտարարությունները՝ հատկապես Արցախյան կարգավորման վերաբերյալ, չեն կարող լինել ուղղված միայն հայկական լսարանին, դրանց հետևում են նաև դրսում», – նշեց փորձագետը;

Ըստ Հասմիկ Վարդանյանի՝ Փաշինյանի այս հայտարարությունները կարող են շահարկվել Ադրբեջանի կողմից, և դա կարող է ընկալելի լինել միջազգային հանրության համար: «Վերջին 30 տարում Հայաստանը պայքարում է Արցախի անկախության ճանաչման համար ոչ թե, որ մեզ համար Արցախի վերամիավորումը մայր Հայաստանի հետ այլևս կարևոր չէ, այլ այն պատճառով, որ առանց միջազգային հանրության կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման, դա անելը միջազգային իրավունքի տեսանկյունից դիտվելու որպես ագրեսիա՝ իր հետ բերելով միջազգային հանրության համապատասխան արձագանքը: Վարչապետի՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ» հայտարարությունը արդեն շահարկվում է Ադրբեջանի կողմից որպես հիմնավորում իր տեսակետի առ այն, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները և Ղարաբաղյան հիմնահարցում ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկա: Եվ սա կարող է ընկալելի լինել միջազգային հանրության և մասնավորապես համանախագահների համար», – նշեց փորձագետը:

Նրա խոսքերով՝ վարչապետի այդ հայտարարությունը խնդրահարույց է նաև մեկ այլ տեսանկյունից: «Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարում էր, որ մեզ համար Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելն առաջնահերթություն է, որ ինքը բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ նման լիազորություն չունի, ինքն Արցախի լեգիտիմ ներկայացուցիչը չէ: Երբ նույն Փաշինյանը հայտարարում է «Արցախը Հայաստան է ու վերջ», միամտություն կլինի ակնկալել, որ համանախագահները կընդունեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախկինում հնչեցրած փաստարկները», – նշեց նա՝ հավելելով, որ տպավորություն է ստեղծվում, որ մենք հրաժարվել ենք այդ առաջնահեթությունից, և այժմ այլ առաջնահերթություն ունենք Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում