Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա

Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)։

Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքից։

Նշենք, որ ՍԴ-ն խորհրդատվական կարծիքի համար դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ստացել է դիմումը։ Կառույցը նաև մամուլի հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ հինգ դատավորներից կազմված հանձնաժողովը որոշում կկայացնի՝ արդյոք ընդունել խորհրդատվական կարծիքի վերաբերյալ դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում