Ամուլսարի զարգացումներից կարելի է ենթադրել, որ Փաշինյանի վերահսկողությունից դուրս է սեփական կառավարությունը

Ամուլսարի զարգացումներից կարելի է ենթադրել, որ Փաշինյանի վերահսկողությունից դուրս է սեփական կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Էլարդ» փորձագիտական խմբի հետ տեսակամրջի ձայնագրությունը: Ձայնագրությունից հայտնի դարձավ, որ «Էլարդը» ՔԿ-ից լրացուցիչ նամակ է ստացել՝ պայմանագրում չարձանագրված հանձնարարություններով: Այսպիսով Նիկոլ Փաշինյանը խնդրել է միջազգային փորձագետներին Կառավարությանն ուղարկել այդ նամակը, որից հետո բացատրություն պահանջել ՔԿ Ամլուսարի հարցով ղեկավար Իվանյանից: «Այս ամենը ոչ այլ ինչ է, քան պարզ պատկերն այն փաստի, որ Կառավարության ղեկավարը լավ չի տիրապետում սեփական Կառավարությունում ստեղծված իրավիճակին, ինչպես խոսենք մի ամբողջ երկրի մասին»,- մեկնաբանում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը: 

««Էլարդից» այդ տեղեկատվությունը ստանալուց հետո Փաշինյանի ու Իվանյանի, ապա նաև ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանի միջև առաջացած երկխոսությունը պարզեց, որ սեփական կառավարության ներսում, այս դեպքում՝ ՔԿ-ում, աշխատանքային դիսցիպլինան բացակայում է այն աստիճան, որ կարելի է այս պահին երկրի համար մեկ հուզող թեմայի շրջանակում Կառավարության անունից ուղարկել լրացուցիչ նամակ, ստանալ պատասխան ու այդ ամենի մասին անգամ գործողությունները կատարելուց հետո չզեկուցել ղեկավարությանը: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ՝ իրավիճակի վերահսկողության բացակայություն Կառավարության ղեկավարի կողմից: Որտեղի՞ց այսուհետ ունենանք վստահություն, որ այլ ոլորտներում, ուրիշ հարցերի շուրջ էլ մեր վարչապետը չունի լիարժեք պատկերացում, ամբողջական ինֆորմացիա»,– մասնավորապես նշել Լ.Ամիրխանյանը:

Նրա խոսքերով այն, որ տարբեր երևույթների մասին վարչապետը չունի լիարժեք պատկերացում, կտրված է իրականությունից, կարելի էր ենթադրել նաև իր ֆեյսբուքյան էջում վերջերս հաճախակիացած «ստատիստիկ հարձակումներից»:

«Պարբերաբար ներկայացվող տնտեսական ցուցանիշները ու դրանցից վարչապետի արած մեկնաբանություն/ հետևությունները վկայում էին, որ դրանց հիմքում չի եղել յուր տնտեսագետների հետ խորհրդակցությունը, քանի որ ցանկացած տնտեսագետ կարող էր հուշել, որ օպերատիվ տվյալներով մեկ-երկու ամսվա համեմատություններ անելով երկրում տնտեսական վիճակի մասին գնահատական տալը կոռեկտ չէ: Բայց սա մենք ենք ու մեր երկիրը և ինչ-որ տեղ կարող ենք մարսել, բայց այն ինչը կապ ունի միջազգային հարթակների հետ, այն դեպքերը, երբ իրավիճակը չվերահսկելը ի ցույց է դրվում աշխարհով մեկ, հասկանում եք՝ ինչ խորության խնդիր է»:

Փորձագետի խոսքով, կարելի էր տեսակամրջից առաջ գոնե կրկին ուսումնասիրել եղած փաստաթղթերը: «Ենթադրվում է, որ հարվածը կընկնի Քննչական կոմիտեի վրա, կարելի է ենթադրել նաև, որ երեսը փրրկելու համար սա կորակվի՝ որպես հերթական սաբոտաժ «ժողովրդի իշխանության նկատմամբ», բայց դրանով ցավալի իրականությունից չես փախչի»,– ամփոփեց Լ. Ամիրխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում