Հացահատիկի եւ անասնակերի բերքահավաքն ավարտվում է չգոհացնող արդյունքներով

Հացահատիկի եւ անասնակերի բերքահավաքն ավարտվում է չգոհացնող արդյունքներով

 

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններն արդեն ավարտում են հացահատիկի եւ անասնակերի բերքահավաքը, ինչը, նախնական տվյալներով, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ընթացել են ցածր կամ անբավարար արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, 2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ մարզի տնտեսություններում հավաքվել է 27 հազար 20 տոննա հացահատիկ, 230 տոննա հատիկընդեղեն, 2200 տոննա բանջարեղեն, 112 հազար տոննա խոտ, 5 տոննա ծղոտ: «Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 14, գարնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը՝ 13 ցենտներ: Գարու արտերի մեկ հեկտարից ստացվել է 11 ցենտներ միջին բերքատվություն: Անասնակերը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի պակաս է ստացվել: Գարնանային ցուրտ եղանակը եւ դրան հաջորդած երաշտը թողեցին իրենց բացասական ազդեցությունը մշակաբույսերի աճի ու զարգացման վրա: Այս թվերը փոքր-ինչ կարող են փոփոխվել, քանի որ բարձրադիր գոտիներում դեռեւս բերք է հավաքվում, սակայն վերջնական արդյունքը եւս չի կարող գոհացնել: Սեպտեմբերի վերջերից մարզում համատարած կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը»,- նշեց Մարտին Պետրոսյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում