Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու»

Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու»

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Ռիսկեր, անկասկած կան, որոշակի խնդիրներ կարող են ունենալ մասնավոր բանկերն ավանդների ներգրավման, եղած ավանդների պահպանման հետ կապված։ Օրինագծի ընդունումից հետո չի բացառվում, որ որոշ մարդիկ ցանկանան հետ վերցնել իրենց ավանդները»,- նշեց տնտեագետը։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ բոլորը գիտեն, թե Հայաստանում ինչպես են ընթացել կապիտալի կազմավորման գործընթացները, մարդիկ անօրինական բազմաթիվ մեթոդներով ու միջոցներով հարստություն են կուտակել՝ իհարկե զգալի մասն իրենց ունեցվածքը ձևակերպելով մերձավորների անուններով։ Բնականաբար, ըստ նրա, երբ այս օրինագիծը դառնա օրենք և այն էլ նման ձևակերպումներով, շատերը խնդիրներ են ունենալու։

Տնտեսագետն նաև կարծում է, որ օրինագծի ընդունումից հետո կարող է անկանխիկ բանկային գործարքները դառնան ոչ գրավիչ։

Նա նաև մտահոգիչ է համարում օրինագծում առկա այն դրույթը, որ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ։

«Լավ կլինի ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձնանց բանկային հաշիվների տվյալների հասանելիությունն ապահովվի դատարանի վճիռներով։ Սա կարևոր և սկզբունքային հարց է, հակառակ դեպքում, մեծ ռիսկեր կարող են ի հայտ և դրանք դժվար լինի կառավարել»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը։

Նա նաև չբացառեց, որ օրինագծի ընդունումից հետո փողի արտահոսք լինի բանկային համակարգից։

Նշենք, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների փոփոխությունների համաձայն, առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բաnկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:

Միաժամանակ առաջարկվում է հանցագործությունների ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող է ներկայացվել նման միջնորդություն: Բացի այդ, քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում