Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նախարար Մնացականյանը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր մակարդակով հաստատված երկխոսության դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաև ֆրանսիացի խորհրդարանականների կարևոր դերակատարությունը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերին և դրա շրջանակներում հաստատված համագործակցությանը: ԱԳ նախարարը նշել է, որ ՖՄԿ-ն միջազգային և տարածաշրջանային համագործակցության լավ հարթակ է, և ընդգծել, որ Հայաստանը` որպես գագաթաժողովը նախագահող պետություն, իր վճռական ներդրումն է ունենալու ֆրանկոֆոն արժեքների առաջմղման և տարածման գործում:

Ներկայացնելով ՖՄԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նաև կարևորել է կառույցի` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում էին նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ և այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին` մարդու իրավունքները հարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման և վճռականության համար՝ շեշտելով, որ Արցախը նախևառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականության պետք է հասանելի լինեն բոլոր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Նշվել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրավունքների հանդեպ ցուցաբերված համերաժշության արտահայտություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում