Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է՝ ծայրահեղ ծանր է, և առկա հիվանդություններին ավելացել են այլ հիվանդություններ ևս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 7-ին, իմ պաշտպանյալին անզգայացրել են՝ բժշկական միջամտություն անելու համար: Նրա մոտ առողջական նոր խնդիրներ են առաջացել՝ մարմինն այտուցված է, մասնավորապես, ոտքերը, արդեն անշարժունակ է դարձել, ձայնալարերի խնդիր է առկա, ձայնն ընդհանրապես ճանաչելի չէ, աղիների խնդիր կա»,– նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Գրիգորյանին բուժող բժիշկները շատ լուրջ մտահոգություններ ունեն:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ այս մասին հայտնեց նաև պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ»,– ընդգծեց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է պատշաճ հսկողության տակ։

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում