Արայիկ Հարությունյանը պետք է իր արժեհամակարգի մեջ խնդիրը փնտրի. Աշոտ Սիմոնյան

Արայիկ Հարությունյանը պետք է իր արժեհամակարգի մեջ խնդիրը փնտրի. Աշոտ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորի նախարար Արայիկ Հարությունյանն իր երեկվա հայտարարություններով ևս մեկ անգամ ջրբաժաններ մտցրեց հասարակության՝ այս անգամ երիտասարդության մեջ՝ դաշնակցական երիտասարդների գործելաոճը անվանելով անդաստիարակ պահվածք: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:

«Ես չգիտեմ պարոն Հարությունյանի մանկության շրջանում ստացած դաստիարակությունն իր արժեհամակարգով ինչպիսինն է եղել, բայց եթե ազգային արժեքների համար պայքարող երիտասարդներին որևէ մեկն անվանում է անդաստիարակ, ուրեմն Արայիկ Հարությունյանը պետք է իր արժեհամակարգի մեջ խնդիրը փնտրի»,- ասաց նա:

Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թորով վերջինս կոչ էր արել Սփյուռքի ՀՅԴ–ականներին գալ և տեր կանգնել հայաստանյան դաշնակցականներին։

«Ես պարոն Հարությունյանին վստահաբար կարող եմ ասել հետևյալը՝ եթե մեր Սփյուռքի կառույցների ղեկավարները գան Հայաստան և ծանոթանան այն ապազգային գործողություններին, որ պարոն Հարությունյանը կրթության ոլորտում փորձում է իրականացնել, կհորդորեն հայաստանյան կառույցի դաշնակցականներին ավելի վճռական, ավելի արմատական լինել իրենց գործողություններում և օր առաջ պարոն Հարությունյանին և նման մտածելակերպ ունեցող անձանց դուրս մղել քաղաքականությունից և պետական կառավարման համակարգից»,- նշեց նա:

Աշոտ Սիմոնյանը նաև ընդգծեց, որ ՀՅԴ–ն իր գաղափարական առանցքով միասնական է և դրա վկայություն են վերջին 24 ժամվա աշխարահասփյուռ երիտասարդական և ուսանողական միությունների հայտարարություններն ու արձագանքները, որոնք միանում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության պայքարին: «Հասկացողը հասկանում է, չհասկացողը փորձում է անընդհատ շահարկել»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում