Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ)

Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր նպատակահարմար չգտանք երթ իրականացնելու: Նստացույցը շարունակում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:

«Ընկերները հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր գալիս են, աջակցում են նստացույցին: Ավելի նպատակահարմար գտանք, որ մնանք նստացույցի վայրում, որ խոսենք, հասկանանք, ով ինչ առաջարկություններ ունի»,- ասաց նա:

Սարգսյանը հիշեցրեց, որ կոչով դիմել են «Լուսավոր Հայաստան» և «ԲՀԿ» կուսակցություններին, և կարծում է, որ վաղը նրանցից արձագանքներ կլինեն: «Չեմ ուզում ակնկալիքներից խոսել: Ես կարծում եմ, որ նրանք, որպես ընդիմադություն, պետք է մտնեն պրոցեսի մեջ, հետևեն մեր կոչին»,- նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով հետագա գործողություններին՝ ակտիվիստը նշեց, որ ուսանողները դարձյալ ակցիա են իրականացնելու: Նա հավելեց նաև, որ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու, որտեղ ավելի հստակ կներկայացնեն իրենց հետագա անելիքները:

«Օր օրի ավելանում են մեզ աջակցողների թիվը՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ: Ընդհանուր աջակցությունը շատ մեծ է, պարզապես կաշկանդվածություն կա, որը չի թողնում, որ մարդիկ ինչ-որ կերպ իրենց դրսևորեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ԿԳՄՍ-ի դեմ բողոքներ կան. «Մենք Արայիկ Հարությունյանին ժետոն ենք փոխանցել, որպեսզի մետրոյով տուն գնա և տեսնի, թե ինչպիսի կարծիք կա իր վարած ԿԳՄՍՆ ոլորտում»,- նշեց նա:

Նա նշեց, որ երթերով պտտվել են գրեթե բոլոր համալսարանների մոտով, և չի եղել մեկ համալսարան, որտեղից երթին միացողներ չլինեին: Ակտիվիստի խոսքով՝ հստակ ազդանշան կա, որ մնացած համալսարաններում ևս բողոքի պահանջ կա:

«Նստացույցը երբեք չենք դադարեցնում, նստացույցը 24 ժամ է: Այո՛, այսօր էլ տուն չենք գնալու»,– ամփոփեց նա:

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է` ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,7 մլն դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում