Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել

Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Պետական դումայում դատապարտել են Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը, որը ներկել էր Գարեգին Նժդեհի՝ Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը։

«Անկեղծորեն ենթադրում եմ, որ մարդկանց մեծամասնությունը կտրականապես չի աջակցում նման դրսևորումներին, կարծում եմ, որ նման բնույթի արարքը ցույց է տալիս, որ ազգայնական կարող է լինել յուրաքանչյուրը։ Եվ նույնիսկ այն մարդը, որը ցանկանում է իր կարծիքով բարեխիղճ գործ անել, սակայն իրեն ավելի վատ է պահում, քան ազգայնականները»,- rusarminfo-ն մեջբերում է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին։

Ռուս պատգամավորի խոսքով՝ հուշարձանների դեմ պայքարը «խայտառակություն» է։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Նրա խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում