Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք

Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Վերջը ես էլ նայեցի Սերգեյ Դանիելյանի՝ «Միփոքր ավելի լուրջ քան երբևե» (ուղղագրությունն ու կետադրությունը հեղինակինն է) վերնագրված տեսանյութը։ Արդեն հնարավոր չէր չնայել, որովհետև նախ ցանցում շատ է տարածվել, այս պահի դրությամբ ավելի քան 2000 share կա, ապա՝ որովհետև ընկերներիցս մի քանիսը տեսանյութի հղումը, հայերեն հայհոյանքի տպավորիչ ուղեկցությամբ, ուղարկել են ինձ։

Ի՞նչ ասեմ։ Մեր ժամանակների սինդրոմն է։ Մարդը, որ արժեքավոր որևէ բան չի տվել մեր մշակույթին, մեր ֆիլմարտադրությանը, մեր դերասանական արվեստին և այլն, խոսում է նրա մասին, որ Հայաստանի ամենաառաջին խնդիրը դա մշակութային խնդիրն է։ Ասում է, որ «մենք տգետ, փնթի, ոչլոտ, կոմպլեկսավորված, գավառային հասարակություն ենք»։ Հետո մի քիչ էլ է փիլիսոփայում մշակույթի մասին ու վերջում, իր հասկացածի չափ մտահոգված, հայտարարում է, որ մեր մշակույթը պետք է փոխվի։ Ու այդ կոնտեքստում սկսում է պաշտպանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հընթացս, միայն իրեն հատուկ գռեհիկ ձևով, վիրավորելով նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներին։ Ճիշտ է, ինքը բոլոր այդ դժգոհողներին դաշնակցական է համարում, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Թե բա՝ «դուք ձեզ կողքից տեսե՞լ եք»։

Մեկը լիներ իրեն խորհուրդ տար մի հատ կողքից ինքն իրեն նայեր։ Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու։ Մշակույթ փոխողիս տեսեք։ Ինչ հիշում եմ իրեն՝ միայն կեղտոտ հայհոյանքներով կամ մարդկային արժանապատվությունը ստորացնող դերեր է խաղացել։ Նպատակն էլ միշտ մեկն է եղել՝ իր ասած «տգետ, փնթի, ոչլոտ, կոմպլեկսավորված, գավառային» հասարակության ձևավորումը։ Հիմա էլ եկել Արայիկ Հարությունյան է պաշտպանում։ Էն էլ ումից՝ Հայաստանում հայերենի պաշտպանության համար ոտքի կանգնած ուսանողներից։

… Մի բան ասեմ՝ չզարմանաք։ Մեզ պետք էր այս ամենը։ Նաև հասնում էր։ Այո, պետք էր ու հասնում էր։ Բայց այս կեղտոտ ճանապարհի վերջը մեր զավակներին արժանի լուսավոր երկիրն է։ Որովհետև կեղտը կմաքրվի, սերգեյդանիելյաններն ու արայիկհարությունյանները կկորչեն, տակը կմնա փորձառությունն ու այդ կեղտը մաքրած երիտասարդությունը։ Իսկ նրանք հաստատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում մշակույթ, ինչ է նշանակում արժեք ու ինչ է նշանակում ազգային պետություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում