Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ)

Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր հրապարակեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։

«Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված՝ հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները՝ սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն», – դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանը նշեց, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանի նկատմամբ արդեն իսկ կիրառված է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ու նա ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացված բողոքը։

«Որոշման տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշենք` արդյոք այն մեզ բավարարում է ողջ ծավալով, թե՝ ոչ», – նշեց փաստաբանը։

Արսեն Բաբայանն էլ ընդգծեց` որոշման տարբերակներից մեկը, ինչն այսօր կայացվեց, իրենք մտածել էին։

«Մենք պաշտպանական թիմի հետ մտածել էինք, որովհետև այդտեղ կա ընդամենը իրավաբանական խնդիր», – ասաց նա։

Արսեն Բաբայանը շատ կարևորեց, որ արձանագրվի իր իրավունքների խախտումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում