Դաեշի ահաբեկիչները կրկին ակտիվանում են Իրաքում

Դաեշի ահաբեկիչները կրկին ակտիվանում են Իրաքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Panorama.am: Ջավադն ամբողջ կյանքն անց է կացրել Իրաքի հյուսիսում գտնվող իր հայրենի գյուղում: Համագյուղացիների հետ միասին նա ինքնապաշտպանության ուժեր էր ձեւավորել՝ Դաեշից պաշտպանվելու համար: Իրենց գյուղի հարեւանությամբ երկու շաբաթ առաջ էր սպանվել Դաեշի առաջնորդը, որից հետո ահաբեկիչները սպառնում են գյուղացիներից վրեժխնդիր լինել: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Օրերս հեռախոսազանգ ստացա, անհայտ համարից արաբերեն լեզվով ինձ ասացին՝ դուք սպանել եք «Իսլամական պետության» զինյալին, իսկ արյունը ջրից թանձր է: Ես անհանգիստ եմ ընտանիքիս համար, քանզի այստեղ Փեշմերգայի ուժեր չկան», – նշում է Ջավադ Դավուդին:

Պաշտոնապես այս շրջանը Իրաքի եւ քրդական Փեշմերգայի վերահսկողության տակ է, սակայն գիշերը Դաեշն անսպասելի արշավներ է կատարում, ստիպելով բնակիչներին կրկին լքել տները: ԱՄՆ-ի ուժերի կողմից ահաբեկիչ Աբուբաքր Ալ Բաղդադիին ոչնչացնելուց հետո, Դաեշն ակտիվացել է:

«Դաեշը նախկինում այս շրջանում կար, բայց՝ փոքր թվով: Այժմ նրանց քանակն ավելացել է», – ասում է քրդական ուժերի սպա, մայոր Սիմկո Ալին:

Ականներ ու պայթուցիկներ տեղադրելուց բացի ահաբեկիչները վերսկսել են նաեւ բնակիչների առեւանգումը: Իրաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, նրանք փորձում են ավելի սերտ համագործակցել քրդական ուժերի հետ՝ ահաբեկչական վտանգը ոչնչացնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում