«Հեռուստամարաթոն 2019»–ին նվիրաբերված գումարի չափը Սփյուռքի վերաբերմունքի արձանագրումն է. Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Tert.am: «Հեռուստամարաթոն 2019»–ի ընթացքում մեր հայրենակիցների կողմից նվիրաբերված գումարի չափը՝ 9 մլն 856 հազար, խոսում է այս իշխանությունների նկատմամբ Սփյուռքի վերաբերմունքի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։
«Սա պատասխանն էր այն հարցի, թե Սփյուռքն ինչպես է նայում այսօրվա իշխանություններին: Սա արձանագրությունն էր ընդամենը այդ վերաբերմունքի: Վստահության պակաս կա: Իշխանությունն ասում է՝ մենք ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն ենք և վստահություն ենք վայելում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Այս մարաթոնն արձանագրեց, որ իշխանությունները լավ չեն ընկալում իրականությունը կամ այն իրականությունը, որը կա, ճիշտ չեն ներկայացնում»,– ասաց նա:
Նշենք, որ «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերված 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլարը 2006 թվականից ի վեր գրանցված ամենացածր արդյունքն է։
Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի՝ տարբեր ընկերությունների կողմից որպես նվիրատվություն ստացած աղբատարների թեմային՝ նշելով, որ ինքը չի կարող հստակ ասել՝ Երևանի քաղաքապետարանին այդ բեռնատարները նվիրաբերելու հարցում կոռուպցիա կա, թե ոչ։ Սակայն, ըստ նրա, եթե քաղաքապետարանն ի սկզբանե չի հայտարարում այդ մասին, փորձում է կոծկել այն, այս դեպքում ցանկացած տարբերակ գոյության իրավունք ունի:
«Եթե ի սկզբանե նվիրատվությունների մասին հայտարարվեր, իսկ իրենք պարտավոր էին դա անել, որ այսպիսի նվիրատվություններ ենք ստացել և նվիրաբերողների անունները հնչեին, թերևս այս թեման այդպիսի արձագանք չունենար: Բայց եթե կոծկում են ինչ-որ բաներ, այնուհետև ընդդիմության կամ լրատվամիջոցների միջոցով է բացահայտվում, արդեն կասկածի տեղիք է տալիս: Նշանակում է՝ կարող ենք կասկածել, որ կոռուպցիոն ռիսկեր կան և ցանկացած տարբերակ այդ դեպքում գոյության իրավունք ունի»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող 54 աղբատար մեքենաներից 20-ը նվիրատվություններ են: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք կաշկանդված չեն նվիրատվություններ ստանալու հարցում, իսկ ընդդիմությունը պնդում է, որ նվիրատվությունները եղել են շինթույլտվության դիմաց:
Հիշեցնենք նաև, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր. «Այսօրվանից վերջ ենք դնում ապօրինի շինարարությանը, ինչ-որ մարդկանց անձնական շահերով ու քմահաճույքով այլևս քաղաք չենք կառուցելու»:
«Ես լավ ճանաչում եմ Արթուր Մեսչյանին, դժվարանում եմ հավատալ, որ նա կարող է կոռուպցիոն գործարքների մեջ լինել»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում