Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան

Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ՝ քաղաքական, հասարակական և տեղակատվական շրջանակների համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՔԾ կողմից կուսակցության նախագահին առաջադրված մեղադրանքին։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արմեն Աշոտյանը ասաց՝ ցանկանում է վերահստատել, որ մեղադրանքը ոչ մի կերպ բացասաբար չի կարող ազդել ՀՀԿ-ի ներքին ու արտաքին քաղաքական գործունեության վրա։

«Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ու քրեական գործն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները։ Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք վերջին երեք օրերին։ Եվ այստեղ, իսկապես կարելի է ասել, շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ։ Քանի որ այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ, ապա ես հավաստիացնում եմ ձեզ, եթե նրանք շարունակեն քաղաքական հենքի վրա, քաղաքական մրցակիցների ու այլ առաջնորդների նկատմամբ նման բիրտ ու ծիծաղելի, ինչպես արդեն ասացի, օդ եղանակները, ապա կբախվեն քաղաքական հետևանքների»,-ասաց կուսակցության փոխնախագահը։

Աշոտյանի համոզմամբ, նման քայլերը թուլացնում են և իշխանությանը, և ավաղ Հայաստանի Հանրապետությանը։

«Ինչո՞ւ ավաղ, որովհետև Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերը շաղկապված են»,-ասաց նա։

Վերջին մեկ ու կես տարվա ընթացում արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Աշոտյանի, Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով , որ վերահաս ճգնաժամից ու կատաստրոֆայից խուսափելու համար այդ զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային օրակարգից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում