Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար: Այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե՞ Ղարաբաղից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա և ցանկություն չեն հայտնի»,-նշեց նա:

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելուն՝ Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանում ներկայացված հիմնավորումները, բոլորը համակցությամբ հիմք չէին դատավորի ինքնաբացարկի համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

«Մենք չենք տեսնում հիմքեր, որ տվյալ հրապարակումը անաչառ դիտորդի մոտ կարող է կասկած առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ: ԱԱԾ-ում քննվում է գործ, որ ոմն Արտակ զրպարտել է դատավորին, չի քննում, թե արդյոք դատավո՞րն է վճիռ գրել, թե՝ ոչ, խախտում կատարե՞լ է, թե՝ ոչ»,- նշեց նա: Արամ Օրբելյանն ասաց, որ ստացվում է՝ ցանկացած ենթադրաբար զրպարտչական բնույթի տեղեկատվություն, որն արվել է սոցիալական ցանցում, հիմք կարող է հանդիսանալ դատական համակարգին անվստահություն հայտնելու համար:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք դատավորը կարո՞ղ էր խուսափել նաև գործի քննությունից՝ հաշվի առնելով այն, որ կան տեսակետներ, թե դատարանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում, Արամ Օրբելյանն ասաց.

«Որոշումն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, եթե գտնենք, որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, հաղորդում կներկայացնենք կարգապահական վարույթ իրականացնելու համար»,-ընդգծեց նա:

Արամ Օրբելյանի խոսքով՝ դատարանում բերված հիմնավորումներով հիմնականում փորձում էին ներկայացնել, որ նրանք, ովքեր ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում են կայացնում, անաչառ չեն:

Հիշեցնենք, որ երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ապա՝ նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումն այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը:

Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի՝ այս ամենը կարող է դատավորի անաչառությունը դնել կասկածի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում