Թբիլիսիում կքննարկվեն «Արեւելյան գործընկերության» երկրների մշակութային հարցեր

«Արեւելյան գործընկերության» երկրների նախարարների մակարդակով հունիսի 27-28-ին Թբիլիսիում տեղի կունենա մշակույթի հարցերին նվիրված առաջին խորհրդաժողովը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնից:

Միջոցառման կազմակերպիչներն են՝ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը եւ Եվրահանձնաժողովը:

«Խորհրդաժողովը կուղղորդի հետագա աշխատանքը եւ թույլ կտա գնահատել «Արեւելյան գործընկերության» մշակութային ծրագրի միջանկյալ արդյունքները: Բարձր մակարդակի այս իրադարձությունը կարեւոր ուղենիշ կդառնա մշակույթի ասպարեզում «Արեւելյան գործընկերության» երկրների միջեւ գործակցության զարգացման ճանապարհին»,-նշվում Է մամուլի տեղեկագրում:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-28-ին Թբիլիսիում կանցկացվի եւս մեկ միջոցառում՝ «Մշակույթի՝ որպես տնտեսական աճի շարժիչ ուժի ըմբռնումը. նոր մոտեցում Հարավային Կովկասի համար» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Թեեւ մշակույթի՝ որպես տնտեսական զարգացման գործոնի ըմբռնումը ճանաչվել Է միջազգային մակարդակով, Հարավային Կովկասի երկրների համար սա համեմատաբար նոր մոտեցում Է: Առաջիկա խորհրդաժողովը կոչված Է այդ տարածաշրջանի երկրների համար շրջանառության մեջ դնել «մշակութային տնտեսություն» հասկացությունը, հնարավորություն տալ ծանոթանալու Արեւմուտքի փորձին եւ հասարակայնությանն օգնել ավելի շատ բան իմանալու համալիր մշակութային-տնտեսական մոտեցման հեռանկարների մասին:

Խորհրդաժողովը բաղկացած Է հինգ նստաշրջաններից, որոնք միջազգային մակարդակի փորձագետները վարելու են ըստ իրենց բնագավառների. ստեղծագործությունը եւ ինովացիաները որպես զարգացման խթան, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը որպես զարգացման աղբյուր, գեղարվեստա-մշակութային արտադրությունները եւ դրանց տնտեսական ներուժը, տնտեսական զարգացմանը նպատակամղված մշակութային քաղաքականությունը, արհեստների դերը գեղարվեստի իրերի արտադրություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում