Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ

Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իշխանության կողմից իրականացված ապօրինությունների մաստշաբն այնքան է մեծացել, որ արտասահմանում այն արդեն ակնհայտ երևում է. նման ուղերձները շարունակական են լինելու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեի՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ հրապարակած բանաձևին, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին:

«Նման ուղերձներից խուսափելու միակ միջոցը օրենքի դաշտ վերադառնալն է, Հայաստանի իշխանությունը սա չի անում, փոխարենը` իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար ամեն օր ապօրինությունների են գնում և այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելը դրա ապացույցներից մեկն էր»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ նույնիսկ միջազգային նախազգուշացումները չկարողացան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած գործողությունները մարել, հակառակը՝ գործողություներն ավելի կոպիտ դարձան։

Անդրադառնալով տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հայտարարությանն առ այն, որ նա կասկածի տակ է դնում ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կոչ անելով կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի` Մելիք-Շահնազարյանն ասաց, որ իրականում իշխանությունն է Աճեմօղլուին ներքաշել հայկական քաղաքական խնդիրների մեջ, որին նա, որպես փորձագետ, գնահատական է տվել:

«Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրենց ապօրինությունները, եթե ամեն ինչ հարմարեցնեն իրենց քաղաքական շահին, ապա դա լուրջ հարված կհասցնի մեր երկրի հեղինակությանը: Ցավոք` մեր իշխանությանը դա չի հուզում. վերածվում ենք մի երկրի, որտեղ ամեն օր տեղի ունեցող ապօրինությունը նախորդ օրերի համեմատ ավելի ճչացող է»,- դիտարկեց Մելիք-Շահնազարյանը:

Համեմատելով նախորդ իշխանության գործելաոճը ներկայիս իշխանության գործելաոճի հետ, և հիշելով, թե արդյոք նախկին իշխանությունը միջազգային կառույցներից նման նախազգուշացումներ ստացել է, թե ոչ, քաղաքագետը նշեց` զեկույցներ եղել են, բայց այս կարգի նախազգուշացումներ չեն եղել: Ըստ նրա` տարբերությունն այն է, որ նախորդ իշխանությունները առաջացած խնդիրները լուծել են և կարողացել են լավ հարաբերություններ ստեղծել միջազգային կառույցների հետ:

«Նախորդ իշխանությունը խնդիրները լուծելու քաղաքական կամք է ունեցել, այս պարագայում ներկայիս իշխանությունը աչք է փակում քննադատությունների վրա և փորձում է հրապարակել նույնիսկ կասկածելի աղբյուր ունեցող, բայց ամեն դեպքում իրենց հաճելի գովաբանությունները»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք այդ զգուշացումները կարո՞ղ են պատճառ հանդիսանալ, որ ներկայիս իշխանությունը երկար չկարողանա կառավարել` քաղաքագետը նշեց` այսպես, թե այնպես երկար մնալու պոտենցիալ չունի:

«Մեծ հաշվով, իշխանությունն արդեն տապալված է․ իր առջև դրված ոչ մի խնդիր, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, չի լուծել։ Որևէ մեկը չի կասկածում, որ իշխանությունն արդեն ձախողված է, դրա համար իշխանությունը կրկին մեղավորներ է փնտրում․ մեկ պետական հեղաշրջման մասին են խոսում, մեկ պետական ապարատն են քննադատում։ Իշխանությունն արդեն մեղավորներ նշանակելու փուլում է, որից էլ գալիս են միջազգային կառույցների նման գնահատականները»,– նկատեց նա։

Հարցին, թե ինչ նկատի ունի Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը՝ Հայաստանի կառավարությանը ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու նախազգուշացումով, քաղաքագետը նշեց, որ իրականում մեր կառավարությունը օրենքների փոխարեն առաջնորդվում է սեփական նպատակահարմարությամբ, որն արդեն ավտորիտարիզմի յուրահատուկ տարր է։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է իշխանությունը այս նախազգուշացումներին պատասխանի, վերջինս նշեց, որ պրակտիկայում արդեն եղել են օրինակներ, երբ իշխանությունը ոչ մի պատասխան չի տվել, հակառակը՝ միայն պատասխանել են այն խմբերին, որոնք խոսել են հօգուտ իրենց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում