Սահմանադրական դատարանին շանտաժի ենթարկելու` Փաշինյանի մոտիվացիան բացահայտված չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Սահմանադրական դատարանին շանտաժի ենթարկելու` Փաշինյանի մոտիվացիան բացահայտված չէ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Բեքարյանը համոզիչ չի համարում այն, որ այս ամենն արվում է, քանի որ կան քրեական գործեր, որոնք Սահմանադրական դատարանի կողմից կարող են երկարկվել այնպես, որ թույլ կտա որոշ անձանց խուսափել պատասխանատվությունից: «Այդ բոլոր գործերի պարագայում այդ անձանց փաստաբանական թիմերը պաշտպանության իրենց բոլոր միջոցները սպառելուց հետո ունեն հնարավորություն դիմելու վերպետական դատական ատյան՝ ի դեմս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի»,-նշում է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ ասել, որ ՍԴ-ն չի արտացոլում «Նոր Հայաստանի» պատկերը, և որպես օրինակ բերել, որ մենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված դատավորներ ունենք, նշանակում է կա՛մ չհասկանալ, կա՛մ հասկանալով մատուցել այնպիսի տեղեկություն, որը ոտքից գլուխ շուռ է տալիս իրերի դասավորվածությունը:
«Ցանկացած երկրի պարագայում, ցանկացած պետության դատական համակարգի պարագայում այն հանգամանքը, որ նախորդ իշխանությունների կողմից նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել, պարծանք է դատական համակարգի կայացման գործընթացում», – նշել է նա:
Խոսելով ՍԴ շուրջ զարգացումների քաղաքական համատեքստի մասին՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ գործ ունենք հնարավոր երկու տարբերակի հետ:
«Առաջին, իշխանությունները շարունակում են մոլորեցնել սեփական հանրությանը՝ անընդհատ ստեղծելով թշնամու կերպար և պայքարելով այդ «թշնամու» դեմ՝ սրանով շեղելով ուշադրությունն իրական խնդիրներից, սեփական ապաշնորհությունից, և հեղափոխական լոզունգների ներքո անընդհատ փորձելով երկարացնել սեփական ընթացքը»,-նշել է Բեքարյանը:
Մյուս տարբերակը, ըստ վերլուծաբանի, հարցերի և խնդիրների այնպիսի շրջանակի առկայությունն է, որը պետք է մտնի ՍԴ, որպեսզի ստանա իրավական ուժ, և կան մեծագույն կասկածներ, որ Սահմանադրական դատարանը կարող է գտնվել անաչառ:
«Սրա պարզագույն օրինակը Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված խոստումներն են, եվրոպական գործընկերների հետ ունեցած բանակցությունները: Բայց այստեղ պետք է հասկանանք, որ Ստամբուլյանն այս գինը չարժե: Հետևաբար, մենք այստեղ ավելի խորը խնդիրների հետ գործ ունենք, այդ թվում, բացառված չէ, որ անվտանգային»,-նշել է Բեքարյանը:
Վերլուծաբանը ստեղծված իրավիճակի հետ կապված բարձրաձայնում է ևս մեկ կարևոր խնդիր: «Բանակցային գործընթացում երկիրը ներկայացնող անձը՝ այս պարագայում՝ վարչապետը, բանակցային գործընթացում իր գործընկերներին, միջազգային հանրությանն անընդհատ ցույց է տալիս, որ միանձնյա կարող է լուծումներ ընդունել և սեփական երկրում չունի հակադրության ոչ մի օջախ: Գործադիրը և խորհրդարանը «Իմ քայլ»-ի նման գերակշիռ ներկայությամբ որևէ կերպ չեն կարող հակադրվող գործոն լինել, Արցախում էլ ամեն բան արվում է, որ խորհրդարանը և նախագահը համագործակցեն այնպես, որ Հայաստանի հետ ունենան նույն կարծիքն անգամ մանր նյուանսներում»,-նշել է Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակը երկրի համար հղի է մարտահրավերներով, այդ թվում՝ անվտանգային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում