Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է

Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՊաշտպանության բանակում զինծառայողների մահերի հաճախացման, դրանց պատճառների, արձագանքների ու նման դեպքերի կանխման մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am-Արցախի տարբեր զորամասերում հունվար-փետրվար ամիսների ընթացքում տարբեր միջադեպերի հետևանքով՝ «անհայտ հանգամանքներում» 10 զինծառայող է մահացել: Մինչ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, կարո՞ղ եք ասել, որո՞նք են նման դեպքերի պատճառները։ Դրանք նո՞ր են առաջացել, թե՞ խորացել են։

Տիգրան Աբրահամյան -Հարուցվող քրեական գործերին զուգահեռ նաև ծառայողական քննություններ են ընթանում: Բնական է, որ այս փուլում դեռևս դժվար է ամբողջական գնահատականներ հնչեցնել, սակայն բանակում ձևավորվող միջավայրի, մթնոլորտի վրա մեծ թվով գործոններ են ազդում:

Դրանց կանխարգելման, նվազագույնին հասցնելու ուղղությամբ այս պահին էլ հսկայածավալ աշխատանք է գնում: Պաշտպանության բանակի, իրավապահ կառույցների խմբերն աշխատում են բոլոր զորամասերում ոչ միայն ամբողջական իրավիճակային պատկեր ունենալու, այլ նաև հետագայում հնարավոր դեպքերի հավանականության նվազեցման ուղղությամբ:

Յուրաքանչյուր միջադեպ ունի իր առանձնահատկությունները և դրանց վերաբերյալ անհատական մոտեցում է դրսևորվում: Կան երևույթներ, որոնք խորքային բնույթ են կրում, կան այնպիսիք, որ իրավիճակային բնույթի են:
Ամեն ինչ արվում է զինված ուժերում գրանցվող հանցագործությունների նվազեցման և անհրաժեշտ միջավայրի ձևավորման համար:

Panorama.am -Անընդհատ խոսվում է խորքային բնույթի խնդիրների մասին, թվարկեք դրանցից մի քանիսը, խնդրում եմ։

Տիգրան Աբրահամյան -Զինված ուժերին վերաբերող թեմաները որքան էլ տարբեր ձևաչափով քննարկումների ակտիվ փուլ են անցնում, սակայն ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է: Եթե պաշտպանական գերատեսչությունը նման անհրաժեշտություն ունենա՝ իրավասու անձինք կխոսեն, կներկայացնեն: Ես նման դեպքերում իմ դիտարկումներն ու առաջարկները ներկայացնում են պատկան մարմիններին, որից հետո դրանք ընթացք են ստանում, դառնում ներքին քննարկման առարկա: Գործառութային առումով, իմ անելիքը ներսում է:

Panorama.am-Շատերը պատահած ողբերգությունների համար մեղադրում են հրամանատարական կազմին։ Հրամանատարը խիստ է, պրոբլեմները քիչ են՝ ասում են այս թեզի կողմնակիցները։ Այս առումով ի՞նչ կասեք։

Տիգրան Աբրահամյան -Տարբեր օղակների հրամանատարները պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն, սակայն այդ ազդեցությունը տարբեր միջադեպերի վրա տարբեր են: Յուրաքանչյուր միջադեպ իրեն սնող պատճառներն ունի, ոչ միշտ է դա կապված լինում զորամասային ծառայության հետ, այս առումով սխալ կլինի ամեն ինչ բարդել հրամանատարության վրա: Պետք է բոլոր դեպքերը մանրամասն վերլուծել, որպեսզի հնարավոր լինի գտնել պատճառահետևանքային կապը:

Panorama.am -Զինծառայողների մահվան դեպքերի արձագանքներն էլ խիստ տարբեր են՝ սկսած նախկիններին մեղադրելուց, «Արցախում հայաստանցիների սպանություններից» մինչև երեխային բանակ չուղարկելու համար ձեռնարկվող քայլեր։ Վստահ եմ, սրանց ծանր հետևանքները գիտակցում են։

Տիգրան Աբրահամյան-Զինված ուժերի մարտունակության բարձրացման հետ կապված հարցերը ես չեմ դասակարգում նախկին, ներկայիս կամ հետագայում ձևավորվող իշխանությունների քաղաքական առանձնահատկություններով:
Յուրաքանչյուրս մեր մասով պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել ինչպես բանակում արձանագրվող դրական շարժերի, այնպես էլ՝ բացասական երևույթների համար:

Սոցցանցերում, ցավոք, հաճախ եմ հանդիպում հայաստանցի-արցախցի տարանջատումների փորձին, սակայն ինձ որպես զինված ուժերի մասնիկ համարող մարդ, որպես սպա, վստահ ասում եմ՝ բանակում նման տարանջատումներ չկան, չեն կարող լինել: Ես ինքս ծնունդով Երևանից եմ, հինգ տարուց ավելի բնակվում-ծառայում եմ Արցախում, նման երևույթի առկայության պարագայում ինքս էլ պետք է գտնվեի այդ «ճնշումների» ներքո:

Ունենք մեկ միասնական հայրենիք ու անկախ նրանից, թե ծառայության բնույթից ելնելով որտեղ ենք ծառայում՝ Տավուշում, Սյունիքում, թե Արցախում, մեր զինծառայողներն առաջնորդվում են մեր ընդհանուր հայրենիքի կենսական առաջնահերթություններով:

Panorama.am -Սոցիալական ցանցերը բուռն արձագանք տվել էին նաև տարիներ առաջ, կարծեմ՝ 2011 թվականին, երբ բանակում կրկին շատացել էին ինքնասպանությունների, իրար և ինքնավնասման դեպքերը։Այժմ շատերը այս հարցն են բարձրացնում՝ ինչպե՞ս հաղթահարցվեց այն ժամանակ ճգնաժամը և ինչո՞ւ նույնը չի արվում հիմա։

Տիգրան Աբրահամյան-Այս փուլն էլ ենք հաղթահարելու: Համոզված եմ ասում, որովհետև տեսնում եմ այն մեծ աշխատանքը, որը տեղերում է տարվում: Սրան զուգահեռ, այսօրվա սպառնալիքները հաշվի առնելով, առաջիկա տարիների համար զինված ուժերին նոր բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք հնարավորություն կտան առավել ինտենսիվ բնույթ հաղորդել մեր բանակի մարտունակության բարձրացմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացներին:

Կարևորը ճիշտ ախտորոշումն է, որի հիման վրա արդեն տեղային կամ ամբողջական միջոցառումների շարք է իրականացվում:

Panorama.am -Կարծո՞ւմ եք, որ բանակում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդում է նաև Արցախում նախագահական ընտրությունների մոտենալը և այս՝ «անցումային» շրջանը։
Հայաստանում օրինակ, երբ մոտենում էին ընտրությունները, պաշտոնյաների մի մասը գնում էին դեպի անգործություն՝ հետագայում իրենց տեղը նոր կառավարության ժամանակ չեզոք տեղից սկսելու համար։

Տիգրան Աբրահամյան-Ցանկացած իրավիճակ՝ քաղաքական կլինի, թե մեկ այլ, որևէ ձևով չեն կարող անգործության կամ այսպես ասեմ, «չեզոք» դիրք բերել սպային, հրամանատարին:

Քաղաքական, հասարակական, տեղեկատվական, մշակութային միջավայրը ուղիղ կապվածություն ունեն բանակում ձևավորվող մթնոլորտի վրա, սակայն այդ ընտրությունների սպասողական բնույթը բանակի հրամկազմի վրա քիչ ազդեցություն ունի: Բանակը, անկախ այն հանգամանքից, թե ով է օրվա իշխանությունը, իր առջև դրված առաջնային խնդիր ունի՝ պաշտպանել մեր քաղաքացիներին՝ ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Իշխանությունները գալիս և գնում են, իսկ բանակի առջև դրված գլխավոր խնդիրը չի փոխվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում