ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը. Դավիթ Ափոյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը. Դավիթ Ափոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգը խիստ աշխատանքային էր՝ հաշվետվություններ, կատարողական հաստատում և այլն։ Երբ ուսանող անդամներով նախասրահում ցանկանում էին գրանցվել, նկատեցինք, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն կարևորել գալ նիստին։ Տեսնելով այս իմիջիայլոց վերաբերմունքը՝ որոշեցինք մենք էլ բոյկոտել նիստը։ Արդյունքում նիստը չկայացավ։

Խորհրդում կառավարության ներկայացուցիչները պետք է ընկալեն, որ նրանք միայն ռեկտոր ընտրելու համար չեն հայտնվել այստեղ։ Նրանք պարտավոր են մասնակցել այդ թվում խիստ աշխատանքային նիստերին և իրենց փորձն ու գիտելիքները ներդնել ԵՊՀ զարգացման գործում։ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը խաղուպար չէ, մատների արանքով նայելու զբաղմունք չէ։

Բացի դա, օրենքի շրջանառվող նախագծով Հոգաբարձուների խորհրդում ուսանող անդամների թիվը կտրուկ նվազում է։ Այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը, եթե նախագծի նշված ձևակերպումները կյանքի կոչվեն։ Նրանք, ովքեր ամեն օր ԵՊՀ-ում են, ովքեր ապրում են բուհի առօրյա հոգսով և զբաղված են հանրօգուտ աշխատանքով, զրկվելու են բուհի կառավարմանը արդյունավետ մասնակցելու հնարավորությունից։ Իսկ նրանք, ովքեր հազար ու մի գործ ունեն, ովքեր ԵՊՀ-ի մասին հիշում են միայն ռեկտոր ընտրելիս կամ ստորաբաժանումներ լուծարելիս, ունենալու են վճռական ձայնի իրավունք։

Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա։

Դավիթ ԱՓՈՅԱՆ

ԵՊՀ ՈՒԽ նախագահ

Հետևեք մեզ նաև Telegram-ում