Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: «Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով», – ասել է նախարարը։
Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա», – նշել է նա։
Մնացականյանի խոսքով, հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար:
«Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»», – հայտարարել է Մնացականյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում