«Այո»-ի 3 մլն դրամանոց լոգոն 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնությունն է․ ՔՊ-ն քննարկում է ստեղծված իրավիճակը

«Այո»-ի 3 մլն դրամանոց լոգոն 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնությունն է․ ՔՊ-ն քննարկում է ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ և հաղթողը ստանալու էր 3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողը։

«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,– նշված էր «Այո»-ի հայտարարությունում:

Սակայն, պարզվում է, որ Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, նոր չէ: Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած լոգոյի «Այո»-ն։

«Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։ Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։ Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»,– գրել է Արսեն Բաբայանը։

Համացանցում Բաբայանի հրապարակման տարածումից հետո թեմային արձագանքել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մասնավորապես, իր էջում հրապարակել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն և կից գրել. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թադևոսյանը ևս իր ֆեյսբուքյան էջում խնդրել է օգնել բնօրինակի հեղինակին։

«Հեղինակավոր արվեստագետ ընկերներ սիրելի, տեղին քննադատությունը և դրա հիմք հանդիսացող ինֆորմացիան տեղ է հասել, շնորհակալ ենք:) Այնուամենայնիվ խնդրում ենք օգնել գտնել բնօրինակի հեղինակին:

Հ.Գ. Խնդրում եմ թեմայի վերաբերյալ հարցեր այս պահին չտալ, քանի որ կդժվարանամ պատասխանել»,-գրել է նա:

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն էլ նշել է, որ քննարկում են «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը և
որոշում ունենալուն պես կհայտարարեն։

Անկախության ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեների «Այո»-ի տարբերանշանի կրկնության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Tert.am փորձեց կապ հաստատել «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին: Իսկ Garoon գործակալության հեռախոսահամարն անհասանելի էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում