Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում

Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է նախագիծ, որի ընդունման դեպքում փոխհատուցում կստանան նաև այն զինծառայողները, որոնք վիրավորվել կամ մահացել են հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում, ոչ թե միայն անմիջական մարտական գործողությունների ժամանակ կամ այն ժամանակ, երբ գտնվել է մարտական հերթապահության մեջ կամ կատարել է հատուկ առաջադրանք: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն դեպքերին, երբ հակառակորդի հեռահար հրետակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսա-հետախուզական խմբի գործողությունների արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվում է վնաս:

Հանձնաժողովի անդամ ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ մի քանի օր առաջ իր մոտ է եղել մահացած զինծառայողի ծնող: Այդ զինծառայողը մահացել է ոչ թե մարտական գործողությունների կամ վերոնշյալ գործողությունների արդյունքում, այլ սպայի անփութության արդյունքում. Նռնակ է պայթել, զինվորը մյուսների կյանքը փրկելով, մարմնով փակել է նռնակը և զոհվել: Գորգիսյանի խոսքերով, դա հերոսություն է: Պատգամավորը ցանկանում է իմանալ՝ հնարավոր է արդյո՞ք նման դեպքերում բացառություններ անել:

ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է մասնավոր դեպքի. «ՀՀ կառավարությունը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել տիկին Հակոբյանին որդու անձնազոհության համար: Շատ լավ է, որ նա ասել է այդ մասին, քանի որ երբեմն այդ մասին լռում են»:

Բալայանը հայտարարեց, որ վարչապետի աշխատակազմում քննարկում է ունեցել՝ բարձրացնելու նման դեպքերի համար պետական բյուջեից տրվող գումարները. «Կառավարությունն այդ հանձնառությունը վերցրել է: Մենք հիմա հաշվարկների մեջ ենք: Բայց այստեղ մի խնդիր ունենք: Շատ դեպքերում նշանակված թոշակների հիմնավորվածությունը կասկածի տեղիք է տալիս»,– ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ժամանակ է պետք, որպեսզի լրացուցիչ ճշգրտումներ անեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում