Հանրաքվե են անցկացնում, որ Սորոսի գրպանային դատավորներին նշանակեն՝ օրինակ Արսեն Խառատյանի փեսային. Նարեկ Մալյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Այսօր՝ փետրվարի 29-ին, Մոլդովայում կայացավ «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ելույթ ունեցավ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նա ելույթը սկսեց՝ նշելով, որ զգացողություն ունի՝ կարծես Հայաստանում է, քանի որ այն, ինչ լսում է, ամեն օր լսում է Երևանում. «Մենք հենց դրա դեմ ենք պայքարում, դրա դեմ ենք ստեղծել մեր շարժումը:
Շնորհակալություն հրավերի համար, շատ կարևորում եմ Սորոսի գործակալական ցանցի հակապետական գործունեության դեմ պայքարում փորձի փոխանակումը. Մեր փորձը դրական է:
Երբ ես գալիս էի Մոլդովա, մտավախություն ունեի, որ այստեղ իրավիճակն այլ կլինի, պետք է ադապտացվել այս երկրում, հետևաբար պայքարն էլ այլ պետք է լիներ: Սակայն, իրավիճակը նույնությամբ կրկնում է Հայաստանում տիրող իրավիճակը: Նույնիսկ լկտիության հասնող նման են իրավիճակները:
Հայաստանում էլ գերագույն դատարանի դեմ գործընթաց է ընթանում»:
Մալյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքվե է անցկացվելու՝ նշելով, որ այն շատ ծիծաղելի է. «Հանրաքվեն անցկացնում են, որպեսզի տապալեն Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը՝ իրենց փոխարեն դնելով մարդկանց, ովքեր ստրուկի նման կենթարկվեն օլիգարխ Ջորջ Սորոսին:
Այդ մարդկանցից մեկի անունը ես հիմա կասեմ՝ հայտնի սորոսական Արսեն Խառատյանի փեսան է: Արսեն Խառատյանն աշխատում է նաև Թբիլիսիում, դրամաշնորհներ է ստանում Սորոսի հիմնադրամից: Վրաստանում հիմնել է սորոսական լրատվամիջոց՝ «Ալիք մեդիա», որն ակտիվ լուսաբանում, նույնիսկ սադրում է հակառուսական տրամադրությունները:
Ահա նրա փեսային՝ Կարապետ Բադալյանին, ցանկանում են ապրիլի 5-ից հետո նշանակել ՍԴ դատավոր: Հանրաքվե են անցկացնում, որպեսզի ՍԴ-ում նշանակեն Սորոսի գրպանային դատավորներին, ովքեր կվավերացնեն «Ստամբուլյան կոնվենցիան»:
Ես հենց նոր իմացա, որ այն ցավոտ թեմա է նաև Մոլդովայում, այստեղ ևս սորոսականները ցանկանում են անցկացնել այն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում