Դիմակներ գուցե լինեն, բայց բարձր գնով, իսկ ախտահանիչներ տեղական արտադրողներն էլ են արտադրում. ՏՄՊՊՀ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Որոշ ժամանակ առաջ տեղի է ունցել բժշկական դիմակների արտահանում, ընդ որում՝ ոչ խոշոր վաճառողների կողմից, խոշոր ներմուծողները դիմակ չեն արտահանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Վերջինիս խոսքով, որևէ խոշոր ներմուծողի մոտ բժշկական դիմակի գինը չի բարձրացվել. «Այո, այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ չկա, բայց գին չի բարձրացվել։ Այսինքն՝ տեղեկատվությունը, որ կա դիմակի արհեստական դեֆիցիտ, կամ գնի չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում։ Փոքր դեղատներում կա դիմակի գնի բարձրացում, տեղեր կան՝ 200-300 դրամ, նույնիսկ մեզ ուղարկում էին, որ list.am-ում են վաճառում, բայց դրանք հիմնակնում տնտեսվարող սուբյեկտներ չեն։ Դրանք մեր տիրույթում չեն գտնվում, բայց հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականացրել»։
Ըստ Գևորգյանի, այս պահին աշխատանքներ են իրականացվում, որ դրսի արտադրողները կապ հաստատեն հայաստանյան ներկրողների հետ, որպեսզի բժշկական դիմակների նոր խմբաքանակներ բերվեն ՀՀ։
«Դրսի արտադրողները ևս հայտնում են՝ աշխարհում դիմակների դեֆիցիտ կա, և դրանց գները աշխարհում որոշակիորեն բարձրացել են։ Այսինքն, նոր խմբաքանակները եթե կարողանանք ձեռք բերել, Հայաստանում լինելու են թանկ։ Հայաստանում խոսում են դիմակների գնի չհիմնավորված բարձրացման մասին, այո, եթե դիմակը ձեռք են բերում 20 դրամով, իրավունք չունեն այն վաճառել 150 դրամով, բայց եթե ձեռք են բերում 150 դրամով, բնականաբար, չեն կարող վաճառել 30 դրամով։ Սա կարևորում եմ, քանի որ այս բացասական ալիքի հիման վրա, խոշոր տնտեսվարողները ևս մտավախություն ունեն, որ իրենց կարող են վերագրել գնի անհիմն բարձրացում։ Կոչ եմ անում փոքր դեղատնային սուբյեկտներին դրսևորել սոցիալական պատասխանտվություն և խուսափել անհարկի չարաշահումներից»,- ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ առողջապահության նախարարությունը ևս ունի պահեստավորված դիմակներ՝ սեփական կարիքների համար։ Որոշ նոր խմբաքանակ էլ արդեն ձեռք է բերել.
«Խոշոր արտարդողների մոտ ևս կա դիմակների պահեստավորված խմբաքանակ, որը նախատեսված է հիվանդանոցների և իրենց համար։ Այսինքն՝ այս հատվածը դիմակներով ապահովված է»։
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ապա Գևորգյանն ասաց, որ դրանց խնդիրը առաջացել է ընդամենը 2-3 օրվա ընթացքում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին տեղեկությունից հետո քաղաքացիները մեծ ծավալով գնել են, և քանի որ շաբաթ-կիրակի օրերին մատակարարում չի եղել, երեկ ալկոգելը դեղատներից պակասում էր։
«Այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է. Հայաստանում կան ախտահանող նյութեր, ավելին, հայկական արտադրող «Արսանիտ» ընկերությունը 2 օրվա ըթացքում կկարողանա մեծ ծավալի արտադրությունը մտցնել շուկա։ Մյուս արտադրողը՝ «Էկոֆարմ», էլի ախտհանիչ նյութեր է արտադրում, որն առկա է Հայաստանում։ «Սանոցիզել» հայկական արտադրությունը ևս ախտահանիչներով մեզ կապահովի։ Որևէ մեկը ախտահանիչի գինը չի բարձրացրել, և մեզ հետ զրույցում տեղական արտադրողները հայտնել են՝ որևէ գին չեն բարձրացնի»,- ասաց Գևորգյանը։
Ինչ վերաբերում է պարենային մյուս ապրանքներին, ապա Գեղամ Գևորգյանը վստահեցրեց՝ առաջացած խուճապն անտեղի է. «Մենք դիտանցում ենք արել, և պարզել՝ շաքարավազի ծավալն այնքան է, որ նույնիսկ 1 տարի կբավականացնի մեզ։ Պահեստներում կա նաև ալյուր, և նմանատիպ ծավալի գնումներ կատարելն ուղղակի անտեղի է։ Որևէ ապրանքի գծով չունենք անհանգստացնող երևույթ։ Որևէ խոշոր խանութում գնային բարձրացում չկա»։
Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ «Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի» ընդլայնված նիստի ընթացքում առաջարկվել է սահմանափակել Իրանից որոշակի բեռնափոխադրումներ։
«Մենք ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ աշխատում ենք, որ հասկանանք՝ շուկայի վրա ինչ ազդեցություն կունենա այդ սահմանափակումը։ Իհարկե տնտեսական գնահատականը թողնում ենք մեր գործընկերներին, բայց հավաստիացնում ենք, որ ԻԻՀ-ից չկա այն ծավալով ներկրվող ապրանք, որ շուկայում կարող է դեֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնել՝ նույնիսկ դիզելի պարագայում։ Մենք ունենք պահեստավորված ապրանքներ, որոնք օգտագործվում են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում