Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները

Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Ժողովրդագրական ճգնաժամի մոտեցող խնդիները հնարավոր չէ լուծել այսօր առկա դրվագային մոտեցմամբ»,– ՀՅԴ-ի նախաձեռնած սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների վերաբերյալ համաժողովին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթլյանը:

Նրա խոսքով, իրականում անհրաժեշտ է ժողովրդագրական զարգացման ռազմավարական համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր ուղղություններով՝ ծնելիության խթանում, արտագաղթի կանխում և ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում, կյանքի որակի բարելավում:

Ի. Սաղաթելյանն ասաց, որ խնդիրները բազմակողմանի ու բարդ են, որոնց հավաքական լուծումները պահանջում են կառավարական կայուն հենք և սկզբունքներ, հանրության լայն և իրական մասնակցություն, պետական կայուն և չափելի ծրագրեր տեսանելի և չափելի արդյունքներով:

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ պետական կայուն ծրագրերի աջակցությամբ և մասնավորի մասնակցությամբ պետք է ձևավորվի աճի առաջնային բևեռներ, ՓՄՁ-ներ, գիտելիքահեն ճյուղեր, զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիական բնագավառներ խոշոր ներդրումներով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկություններ, հատկապես սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերում:

ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք՝ կարևորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի և առարկայական գնահատման անհրաժեշտությունը, դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի և շահագրգիռ քննարկում: Համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում