Դավիթ Ափոյանը որոշել է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը

Դավիթ Ափոյանը որոշել է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Times.am: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնաշղթաներով ԵՊՀ տարածքից բերման ենթարկվելու դեպքին: Նա մասնավորապես նշել է, որ այդ առթիվ հաղորդում է ներկայացրելՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն ՀՔԾ-ն ոչ քրեական գործ է հարուցել, ոչ էլ նյութեր նախապատրաստել, և սա այն դեպքում, երբ երկրի ողջ իրավական համայնքը դատապարտել էր այդ գործողությունները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ի վերջո, ամեն ոք սովորելու՞ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար:

Երևի հիշում եք, որ դեկտեմբերի 24-ին Ոստիկանության աշխատակիցները ինձ ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ տարածքից: Հիշում եք նաև, որ որոշել էի փաստաբանիս հետ բողոքարկելու ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ ոստիկանները ակնհայտորեն դուրս էին եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ վնաս հասցնել իմ օրինական շահերին:

Հաղորդում ներկայացրեցինք ՀՔԾ՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն ՀՔԾ-ն ոչ քրեական գործ հարուցեց, ոչ էլ գոնե նյութեր նախապատրաստեց: Ու սա այն դեպքում, երբ երկրի ողջ իրավական համայնքը դատապարտել էր այդ գործողությունները: Ընդհուպ մինչև վարչապետ արձանագրվել էր, որ եղածը անօրինական է:

Մենք էլ որոշեցին գնալ դատարան և բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը: Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրում մարտի 17-ին՝ ժամը 16.30-ին:

Տպավորություն է, որ իրավապահ համակարգում որոշումները հաճախ կայացվում են ըստ լրահոսային աղմուկի: Օրինակ, բերման ենթարկելու օրվա աղմուկը ստիպեց, որ Ոստիկանությունը ծառայողական քննություն սկսի, իսկ վարչապետը հայտարարի եղածի անօրինականության մասին: Իսկ քանի որ հետագայում ես ինձ թույլ չտվեցի թեման անընդհատ շահարկել (ինչպես շատերը կանեին), ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել: Չի ստացվելու: Ի վերջո, ամեն ոք սովորելու՞ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում