ԱԴ հայտարարելով՝ պետությունը միջամտել է տնտեսվարողների գործունեությանը, այդ մարդիկ ինչպե՞ս են վերականգնելու վնասները. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Tert.am: Պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների, նրանց մոտ աշխատողների գործունեությանը, և այդ միջամտությունից հետո որևէ ցուցում չկա, թե այդ մարդիկ իրենց կրած վնասներն ինչպե՞ս կարող են վերականգնել և արդյոք դա համարվո՞ւմ է ֆորսմաժոր, թե՞ ոչ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Օրինակ՝ ինչ-որ մեկն ունի ռեստորան, տարածքը վարձակալել է, հիմա տարածքի տերը ուզում է վարձը, ինքը չի կարողանում վարձը տալ, չի գործում արտակարգ դրության պայմաններում, բայց նաև եթե չտա, տարածքի տերն էլ ունի վարկ, պետք է իր վարկը փակի: Այս շղթան շարունակական է: Պետությունն այստեղ ունի՞ դիրքորոշում, պե՞տք է ասի, որ այս օրից մինչև ապրիլի 14-ը նշված իրավիճակում այս մարդկանց գործունեության մեջ մենք միջամտություն ենք կատարել՝ արտակարգ դրություն հայտարարելով, հետևաբար, ֆորսմաժոր է իրենց պարտավորությունների չկատարման համար՝ այո՞, թե՞ ոչ»,- հարցրեց Մարուքյանը:
Նա նշեց՝ մարդկանց ուղարկել դատարանների դուռը և ասել՝ մասնավոր հարց է, դատարանում իրար հետ վիճեք, վեճի արդյունքում կերևա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, արտակարգ դրության պայմաններում ճիշտ չէ:
«Բացի այդ այս ամբիոնից վարչապետն ասաց, որ 60 տարին լրացած կամ ավելի բարձր տարիքի աշխատողները պետք է դուրս չգան, չգնան աշխատանքի, զգույշ լինեն: Մենք նամակներ ենք ստանում, որ այդ տարիքի մարդկանց կանչում են աշխատանքի տարբեր մարմիններում, պետությունը ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ մարդն ասի՝ ես չեմ գալիս, որովհետև դուք պետք է իմ բացակայությունը հարգելի համարեք, ես խոցելի խմբում եմ, աշխատավարձս տվեք»,- նշեց նա և խնդրեց, որ նախարարը եզրափակիչ ելույթում անդրադառնա այս հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում