Ստամբուլում տեղի կունենան քննարկումներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Թուրքիայում հայտնի «Ո’չ խտրականությանն ու ազգայնականությանը» հասարակական կազմակերպությունը հուլիսի 6-ին քննարկում է հրավիրում Հայոց ցեղասպանության թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, քննարկումը կիրականանա «100-ամյա տարելիցին մոտենալուն զուգահեռ ինչու է Հայոց ցեղասպանությունը մեր օրերում դեռևս օրակարգում» խորագրի ներքո: Քննարկումը նախատեսվում է իրականացնել Ստամբուլի Taksim Hill հյուրանոցում:

Քննարկման մոդերատորներն են Ջենգիզ Ալղանը և Լևենթ Շենսևերը, ովքեր մեկ անգամ չէ, որ հանդես են եկել Հայոց ցեղասպանության ոճիրն իրագործած թուրքական պետության քննադատությամբ: «1915 թվականին, երբ մեր բնակչության թիվը հազիվ 13 միլիոն էր, այս հողերում ապրում էին 1,5-2 միլիոն հայեր: 1915 թ. ապրիլի 24-ին նրանց սկսեցին «աքսորել»: Մենք կորցրեցինք նրանց, նրանք այլևս չկան: Նույնիսկ գերեզմանները չկան: Իսկ «Մեծ աղետի»’ մեր խղճին նստած «Մեծ ցավը» գոյություն ունի’ իր ողջ ծանրությամբ: Այդ ցավը մեր ցավն է, իսկ սուգը’ բոլորինս»,- նշվում է ավել? ? վաղ նրանց տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքական «Ո’չ խտրականությանն ու ազգայնականությանը» կազմակերպությունը հայտնի է թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումների ձեռնարկմամբ: Վերջին տարիների ընթացքում այն ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողություններին: Կազմակերպությունն իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև թուրքական բանակում հայազգի Սևակ Բալըքչըի սպանության փաստի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում