Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում կայացած Արցախի նախագահի թեկնածուները ներկայացրին արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:
Սերգեյ Ամիրյանը նշեց, որ այդ ուղղությամբ պետք է ձևավորվի հատուկ թիմ: «Մենք պետք է առաջ տանենք այն թեզը, որ ոչ մի մետր հող չի զիջվելու: Մայր Հայաստանը մեզ չճանաչեց որպես անկախ հանրապետություն, դրանում ինչ-որ խարդախություն կա»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ, նախևառաջ, ճիշտ կլինի ասել՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտություն, որովհետև տերմինաբանությունը կարևոր է: «Պետք է պահպանել այն, ինչ կա: Դա հնարավոր է անել: Մենք չենք կարող և չենք վերադառնալու անցյալին»,- ասաց նա:
Վահան Բադասյանի խոսքով՝ պետք է անհապաղ ձևակերպվի Հայաստանի ու Արցախի միացումը, լինի մեկ նախագահ, մեկ ԱԺ, մեկ Կառավարություն: «Արցախը Հայաստան է, և վերջ»,- նշեց նա:
Վիտալի Բալասանյանը նշեց, թե իրենց ծրագիրն է նախևառաջ վերականգնել 1994-1995թթ.-երի այն ֆորմատը, որով ԼՂՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մասնակցում էր բանակացային գործընթացին՝ որպես լիիրավ կողմ: «Մենք կարևորում ենք նաև միջպետական պայմանագրերի կնքումը ՀՀ-ի հետ, քանի որ ՀՀ ռազմական դոկտրինում կա կետ, որ ՀԸՀ-ն հանդիսանում է ԱՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,– ասաց Բալասանյանը:
Աշոտ Դադայանը նշեց, թե տարիներ շարունակ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ, սակայն դրանք անարդունք են: «Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք հզոր պետութուն և հզոր բանակ: Մեր հզորությունը ես տեսնում եմ եռամիասնության մեջ՝ Սփյուռք, Արցախ, Հայաստան: Իսկ փոխզիջման մասին իմաստ էլ չունի խոսել»,– ասաց նա:
Դավիթ Իշխանյանը նշեց, թե ՀՅԴ-ի համար ռազմավարական նպատակը չի փոխվել, այն Արցախի և Մայր Հայաստանի վերամիավորումն է: «Պարզապես մենք որդեգրել ենք մարտավարական մեկ այլ ճանապարհ՝ անկախ պետականության միջոցով Հայաստանի վերամիավորում: Նաև մի կարևոր կետ՝ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրում ԱՀ և ՀՀ միջև»,- ասաց նա:
Ռուսլան Իսրայելյանը նշեց, թե հակամարտության կարգավորման տեսլականը մեկը մյուսի նկատմամբ հարգալից, համերաշխ, միասնական լինելով՝ առողջ հասարակություն ստեղծելու մեջ է տեսնում, որից կստեղծվի հզոր տնտեսություն, հզոր բանակ: «Մեր Սահմանադրությամբ ամրագրված տարածքները միայն մերն են. ոչ մի թիզ հող, Հայաստանի հետ վերամիավորվելու պայմանով»- նշեց նա:
Բելլա Լալայանը նշեց, որ իր կարծիքով՝ բանակցությունների սեղանին չպետք է լինի փաստաթուղթ, որում քննարկվի ազատագրված տարածքների հարցը: «Մենք, եթե ուզում ենք բանակցել Ադրբեջանի հետ, պետք է բանակցենք այն տարածքների մասին, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,– ասաց նա:
Հայկ Խանումյանը նշեց, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության տեսակետը հետևյալն է՝ առնվազն ներկայիս տարածքով և բազմակի ավելի հայ բնակչությամբ Արցախ: «Մենք չենք հավատում բանակցային եղանակով խաղաղության հասնելուն, մենք կարծում ենք, որ խաղաղութունը հետաձգված պատերազմն է, իսկ պատերազմը կարելի է անընդհատ հետաձգել՝ միայն արդիական սպառազինություն և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց՝ Արցախը որևէ զիջում անելու իրավունք չունի: «Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Պետք է ունենանք հզոր բանակ, հզոր տնտեսություն: Պետք է լինենք միասնական»,- ասաց նա:
Աշոտ Ղուլյանն ասաց, թե հակամարտության լուծումն այն թեման է, որն այսօրվա վիճակով, բարեբախտաբար, քաղաքական բոլոր ուժերին պահում է մեկ բռունցի մեջ: «Եթե այս ընտրություններից հետո մենք կարողանանք պահել այդ քաղաքական համերաշխութունն այս հարցում, շատ ավելի պինդ կլինենք մեր դիրքորոշումը պաշտպանելու համար: Նվազագույնն այսօրվա վիճակն է՝ անկախ ԱՀ-ն իր տարածքային և այլ անվտանգության բաղադրիչներով, իսկ վերջնական նպատակը՝ ՀՀԸ-ի հետ մեկ միասնական պետություն ստեղծելը»,- ասաց նա:
Մելսիկ Պողոսյանն էլ ասաց, թե առաջնահերթ պետք է տնտեսական ոլորտը բարձրացնել 0-ից 100 տոկոսի, ունենալ ժամանակակից սպառազինություն: «Մենք հայրենիք չունենք զիջելու: Մենք պետք է դառնանք մի բռունցք, ինչպես արեցիք 90-ականներին, 2016թ.-ին»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում