Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան

Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀասարակության ներսում առկա անվստահության մթնոլորտը թույլ չի տալիս ամբողջովին վստահել այն դիրքորոշմանը, որն արտահայտվում էր օրենքի քննարկման ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում լրացումներ կատարելու նախագծի ընդունմանը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի արտահայտած մտահոգությունները: «Նման դեպքերում պետք է բուն օրենքում ավելի մանրամասն նկարագրված լինի, թե ինչպես է օգտագործվելու այդ ինֆորմացիան, որն է նպատակը: Շատ ընդհանուր բառերով նկարագրությունը բավարար չէ: Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, շատ դժվար է գնահատել դրա խելամտությունը»,-ասաց նա և նկատեց, որ ձևակերպումները անորոշ են:

Դիտարկմանը՝ նշվում է, որ նպատակը վարակակրի հետ շփված անձանց հայտնաբերելն է և դրանով հիվանդության տարածումը կանխարգելելը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Միևնույն է, այդ նկարագրությունը դեռևս բավարար մանրամասներ չի պարունակում, թե ինչ շառավղով մարդկանց պետք է տեղեկացնեն, այսինքն բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները օրենքում պետք է ներկայացված լինեն: Ցավոք սրտի Ազգային ժողովում չներկայացվեցին մանրամասները, ես կարծում եմ, որ այդտեղ է բույն վտանգը և այն անվստահությունը, որը առկա է մեր հասարակության ներսում»,-ասաց նա:

Նա նշեց, որ կան գործողություններ, որ անհրաժեշտ են, բայց որպեսզի այդ անհրաժեշտությունը պատշաճ գնահատվի, այդ գործողությունները մանրամասնությամբ պետք է նկարագրված լինեն:

Ինչ վերաբերում է օրենքի անցկացման ձևին, ապա նախկին նախարարը նշեց. «Ընդհանրապես նման հարցերը, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կարող են ենթադրել նման հրատապություն և ռեժիմ, այս փուլում չի մտահոգում, թե ինչպես է անցկացվել օրենքը, որովհետև մի պահ պատկերացրեք, որ դա լիներ շատ ողջամիտ, խիստ հիմնավորված խնդիր, կարող է այդ ձևով էլ անցկացվեր»,-ասաց նա:

Խոսելով քաղաքացիների տեղաշարժի ինֆորմացիան այլ նպատակներով օգտագործելու մտահոգության մասին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Վտանգներ միշտ կարող են լինել, դրա համար էլ նման օրենքները ավելի շատ մանրամասներ պետք է պարունակեն, որ չեզոքացնեն այդ վտանգները»:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում