Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը․Հրանտ Մելիք-Շահնազարյան

Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը․Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, FacebookԵրկար ժամանակ լռել, անգամ կես բառով չեմ ակնարկել սկզբի շրջանում լոկ իրբրև կասկած, իսկ հետո արդեն համոզմունքի վերաճած այն մտքերիս մասին, որոնք վերաբերվում են Նոր կորոնավիրուսային հիվանդությանը։ Այս ողջ ընթացքում փորձել եմ հնարավորինս խիստ հետևել վարակը հաղթահարելուն ուղղված բոլոր այն որոշումներին ու ցուցումներին, որոնք ստացվել են Կառավարության ու պարետատան կողմից։ Այդ ամենը արել եմ ոչ թե նրա համար, որ վստահել եմ մեր երկրի ղեկավարներին, կամ վախեցել կորոնավիրուսից, այլ որովհետև եղել և ուժերիս ներածի չափով շարունակելու եմ լինել Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացի։ Ու դա ոչ ոք չի կարող փոխել։ Ո՛չ Նիկոլը՝ իր ապիկար թիմով, ո՛չ էլ նրա հոգևոր հայր Տեր-Պետրոսյանը։

…Անկեղծ եմ ուզում ասել՝ չափազանց վրդովված եմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածով։ Մտածում եմ՝ մարդ այդ որքան նենգ պետք է լինի, որ համաճարակի դեմ պայքարի քողի ներքո ատելության նոր սերմեր ցանի մեր երկրի քաղաքացիների մեջ։ Որ պատերազմական սուտ իրավիճակ պատկերի մարդկանց մտքում և իր ապիկար հովանավորյալներին ընդդիմախոսող ուժերին պետական դավաճան կոչի։ Եվ այդքանից հետո էլ համարձակություն ունենա խրատել ուրիշներին՝ ասելով, թե չկորցնեք «պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։ Ով էլ խոսեր։

Այս հարցում ուզում եմ շատ հստակ լինել։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՝ ով ուզում է լինի՝ գլուխը քարին է տվել, եթե իշխանություններին ուղղված երկրի ու ժողովրդի համար սրտացավ մարդկանց քննադատությունը երկրորդ բացված ճակատ կամ դավաճանություն է համարել։ Տեր-Պետրոսյանի ասած հենց այդ «հայտնի ուժերի»՝ տարիներ շարունակ ցուցաբերած «պետական այրին վայել» վարքն է, որ այսքան երկար լեզու է դրել ժողովրդին զանգված կոչող, աջուձախ թշնամություն ու ատելություն քարոզող, կասկածի որդեր աճեցնող գործիչների բերանում։ Բավական է արդեն։ Սրան պետք է վերջ տրվի։ Եվ դա իմ պատկերացրած լավ քաղաքացու պարտքն է։ Միայն տանը փակվելով ոչինչ չի ստացվի։ Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածը ցույց տվեց, որ Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը։ Այո, Տեր-Պետրոսյանի անձի հետ թե համեմատելու լինենք, իսկապես՝ ու՞մ շունն է կորոնավիրուսը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում