Ինչ է հայտնի Գավառում երեկ տեղի ունեցած սպանությունների և հիվանդանոցի միջադեպի մասին

Ինչ է հայտնի Գավառում երեկ տեղի ունեցած սպանությունների և հիվանդանոցի միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Tert.amԵրեկ երեկոյան Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող բազմաթիվ վարկածներից մեկի՝ վիճաբանությունը ծագել է դեռահասների միջև:

Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:

Tert.am-ի տեղեկություններով` Գավառում հնչած կրակոցներից հետո հարձակումը կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։ Tert.am-ի տեղեկություններով կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատել են, մյուսի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևան։

Գավառ քաղաքում մուտքերին ու ելքերին կենտրոնացած են ոստիկանության ուժեր։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, թե Գավառի հիվանդանոց են ներխուժել 500-ից ավելի քաղաքացիներ, մասնավորապես՝ նորատուս համայնքի բնակիչներ: Մարզպետը հավելել էր, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը շուրջ 500 քաղաքացիների՝ հիվանդանոց ներխուժման պահին եղել է այնտեղ: Ըստ Սանոսյանի՝ ինքն ու ոստիկանապետն այդ պահին գտնվել են կրակոցների վայրում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում:

Ըստ Shamshyan.com-ի՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։

Հավելենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թոոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում:

Այսօր՝ դեպքից շուրջ 18 ժամ անց, հայտարարությամբ հանդես եկավ նաև Ոստիկանությունը` նշելով, թե բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Հաղորդագրության մեջ նշված է.

«Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Tert.am-ի թղթակիցը գիշերը եղել է Գավառում և նշում է, որ գիշերը Ոստիկանության մարզային վարչություն ելումուտը չի դադարել, պարբերաբար ավելացել են ոստիկանական նոր ուժեր:

Գավառի համայանքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միջադեպի հետևանքով սպանված 31-ամյա քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:

«Նրանք, ովքեր ճանաչել են Պարոնիկյանին, միայն լավը կասեն իր մասին: Օրինակելի քաղաքացի էր: Շատ զարմացած ենք, թե ինչպես այս դեպքերի հետ իր անունը կապվեց»,-ասաց նա:

Մամուլի քարտուղարը նշեց նաև, թե այժմ քաղաքում իրավիճակը հանդարտվել է, թեև ոստիկանական ուժերը շարունակում են իրենց աշխատանքը, շրջում քաղաքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում