Պետք է արձանագրել կարանտինի ձախողման փաստը. տնտեսագետ

Պետք է արձանագրել կարանտինի ձախողման փաստը. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Tert.amՕրերս ԱԺ-ի կողմից ընդունված Բյուջեի նախագծի, մեղմացվող սահմանափակումների, տնտեսության վիճակի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ Ֆինանսների և էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, օրերս ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը: Նա նշեց, որ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, կունենանք 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ պարտքային միջոցներ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, ի՞նչ այն կտա մեզ, ի՞նչ է սպասվում:

– Իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչներ 2020 թվականի բյուջեն գնահատում էին, որպես հեղափոխական բյուջե: Բոլորը կարծես, թե միաբերան փորձում էին մեր հանրությանը բացատրել, համոզել, որ 4․9 տոկոս կանխատեսվող տնտեսական աճը հեղափոխական է: Իմիջիայլոց, տարօրինակ է հիմա քննարկել այսպիսի փոփոխություններ մի քանի պատճառներով. համավարակի հնարավոր զարգացման սցենարները հասկանալի չեն, դրա տված վնասները դեռևս գնահատված չեն: Պարոն Ջաջնջուղազյանն անկումը բացատրեց հետևյալով՝ համավարակի ազդեցության հետևանքով գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղել է, մետաղների համաշխարհային գների և նավթի համաշխարհային գների անկում կա, և ռուսական ռուբլու արժեզրկումը գնահատվել է որպես արտաքին ցնցում, արտաքին պահանջարկի թուլացում, զբոսաշրջիկների կրճատում, տրանսֆերտների կրճատում և այլն, և որ այդ ամենն ուղիղ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա:

Կանխատեսվող 4․9 տոկոս աճն էլ չի լինելու, դա արդեն պարզ է, կանխատեսվում է 2 տոկոս անկում, ինչը պատճառ է դարձել, որպեսզի համավարակի մեղման նպատակով փոփոխություն նախաձեռնեն 2020 թվականի բյուջեում: Սույն բյուջեում դեֆիցիտը կազմում է 160․7 մլրդ դրամ, առաջարկվում է այն դարձնել շուրջ 324․0 մլրդ դրամ: Իշխանություններն ասում են՝ ժողովուրդ ջան, որպեսզի ձեր համար աջակցության ծրագրեր իրականացնենք, համավարակի ազդեցությունը մեղմենք, պետք է վարկ վերցնենք, այդ միջոցներն ուղղենք ֆինանասական շուկա, դուք էլ գնացեք, օրինակ, զրո տոկոսով վարկեր վերցրեք, հետո կփակեք այդ վարկերը ևմեր վերցրած պարտքերը: Սա հասկանալի մոտեցում չէ: Հիշում ենք նաև, որ 2019 թվականի բյուջեն, երբ պրոֆիցիտով էր փակվում, դեկտեմբերի 12-ին ԱԺ-ն 4 վարկային համաձայնագիր ընդունեց և պետության պարտքն ավելացրեց 152․0 մլն դոլարով, հիմնավորումն այն էր, որ բյուջեն օրենք է և պետք է այն կատարվի, ինչո՞ւ այսօր այդ ավել միջոցները չեն օգտագործվում: Ի վերջո բոլոր պարտքերը փակելու է մեր ժողովուրդը: Հասկանալի չէ նաև, երբ կանխատեսում են, որ եկամուտները պակաս կլինեն 1․695 տրիլիոն դրամից, բայց ոչ մի կերպ չեն ուզում վերանայել 1․856 տրիլիոն ծախսերը: Իսկ ծախսերը կրճատելու տեղ կա, դա պարտադիր կուտակային համակարգին ուղղված միջոցներն են, կրճատել գործուղումներն ու պարգևավճարները:

– Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականի ընթացքում Եվրամիության տնտեսական գոտում գրանցվելու է 5-12 տոկոս անկում: Այս ֆոնին արդյո՞ք ՀՀ իշխանությունը պետական ռեսուրսներն արդյունավետ է ծախսում:

– Համաշխարհային բոլոր կազմակերպությունները հիմա կանխատեսումներ են անում, հետո վերանայում իրենց կանխատեսումները: Հասկանալի է, որ տնտեսական անկման պատճառը նոր տեսակի կորոնավիրուսն ու դրա ազդեցությունն է: Այսինքն՝ տնտեսական վիճակի վատթարացման պատճառները չունեն տնտեսական հիմքեր: Հետևաբար ես չեմ հավատում այդ գնահատումներին: Նույն ռուբլու փոխարժեքը տատանվում է․ դոլարի նկատմամբ արժևորվել է 10 և ավելի ռուբլով: Այնպես որ ամեն ինչ այնքան միանշանակ չէ: Ի վերջո գործ ունենք հարկադրված սահմանափակումների հետ: Իսկ Հայաստանի իշխանությունների ծախսերի արդյունավետությունը դեռ կգնահատվի: ՀՅԴ մոտեցումներ հրապարակել ենք մարտի 23-ին, այն իր մեջ ուներ ծախսախնայող հստակ կետեր, դրանով ասում էինք, որ չպետք է վարկ տրամադրել ընկերություններին, որ աշխատավարձ և հարկ վճարվեն, չպետք է ֆինանսական շուկային հարստացնել, իսկ տնտեսական գործունեություն իրականացնողներին թողնել պարտքերի և վարկերի տակ: Անցել է մոտ մեկուկես ամիս և հիմա նորից կարող ենք անել այն պնդումը, որ ոլորտներ կան՝ ուղղակի ուշքի չեն գա և չպետք է վարկով խեղդել նրանց: Անհրաժեշտ է ուղիղ աջակցության գործիքներ կիրառել և ձգել գոտիները:

– Արդյո՞ք տնտեսական զարգացումներն են պատճառը, որ իշխանությունը մեղմացրեց սահմանափակումները: Ի՞նչ հարց է լուծում կառավարույթունը, օրինակ, բացօթյա սրճարանների գործունեությունը թույլ տալով:

– Որոշմանը կտամ բացառապես քաղաքական գնահատական, սահմանափակումները թուլացվում են, քանի որ կան դժգոհություններ հանրության շրջանում: Պետք է արձանագրել կարանտինի ձախողման փաստը: Երբ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվեց ՀՀ-ում առկա էր 45 վարակակիր, այսօր արդեն ունենք երեք տասնյակից ավել զոհեր և 2300-ից ավելի վարակակիր: Իշխանությունները օրինակ են բերում այն երկրներին, որտեղ աստիճանաբար սկսվել է սահմանափակումների մեղմման պրոցես, բայց չեն ասում, որ այդ երկրներում վարակը իր պիկից սկսել է նվազել, իսկ մեր երկրում դեռ աճում է, իսկ աճի տեմպերն անհանգստացնող են: Կարծում եմ՝ երկու ամիսը լրիվ բավարար էր վարակի օջախները լոկալիզացնելու համար, փակելու միայն այդ օջախները և մյուս հատվածներում թույլատրելու տնտեսական գործունեությունը: Հիմա ունենք մի վիճակ, երբ վարակն աճում է, իսկ տնտեսությունը կաթվածահար եղած է: Հետևաբար սահմանափակումների մեղմացումը իշխանությունների դեմ հնարավոր դժգոհությունը զսպելն է: Սրճարաններն ու առհասարակ հանրային սննդի ոլորտն ամենաշատ տուժված սեգմենտն է:

-Այս երկու ամսվա ընթցքում որքանո՞վ տուժեց սպասարկման ոլորտը, ի՞նչ եղավ այս ոլորտի հետ ու կառավարության աջակցությունը որքանո՞վ էր արդյունավետ:

– Սպասարկման ոլորտը, ռեստորանները, հյուրանոցները, տուրիստական ընկերությունները և նմանատիպ մյուս ոլորտները ամբողջությամբ կազմալուծվել են: Այստեղ դիմանալը դժվար է: Չկա հաճախորդ, չկան ամրագրումներ, կան չեղարկված ամրագրումներ, հետևաբար ուշքի գալը դժվար է լինելու: Կառավարության կողմից տրամադրված աջակցության տնտեսական բաղադրիչով, այն է՝ տրամադրել վարկեր արտոնյալ պայմաններով, ոչնչով չեն օգնելու, սոցիալական կոմպոնենտով աշխատակիցներին որոշակի չափով գումար տրամադրելը կարևոր է, բայց կարճ ժամանակի լուծում: Պետք է այս ոլորտներին հնարավորություն տալ, տրամադրել վարկային և հարկային արձակուրդներ: Ընկերություններ կան, որ գույք չունեն, գործում են վարձակալված տարածքներում, իսկ հիմա լուծարման պրոցեսում են: Զբոսաշրջության ոլորտի շրջանառությունը 2019 թվականին ավելի քան 36.0 մլրդ դրամ էր, իսկ 2020 թվականին բնականաբար չի լինելու, արդեն չորս ամիս անցել է: Մի շեշտադրում անեմ գյուղատնտեսության մասին․ այս ոլորտը հիմա ամենակարևորն է, այստեղ պետք է ուղղվեն միջոցներ, խնդիր դրվի լուծելու պարենային պաշարների ավելացումը, աջակցության ծրագիրը պետք է իրականացվեր ուղիղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում