Հրաչյա Թամրազյան․ Անկշռություն

Հրաչյա Թամրազյան․ Անկշռություն

Դստերս՝ Շուշանիկին

Մենք նման ենք մի հոգնած նավորդի,
Որ դեգերում է կյանքում հեղհեղուկ…
Ու մի օր հանկարծ անձուկ կարոտից
Հին երգերի պես մեր կյանքն ենք պեղում:

Բայց ու՞մ ենք գտնում, արդյոք մե՞նք ենք դա –
Հին շերտերի տակ զառամած կյանքի՝
Արձանիկներն այդ՝ երբևէ կերտած՝
Իբրև հարացույց ու ճակատագիր:

Թե՞ վերադարձի խորհուրդը այլ է՝
Երբ մենք՝ կտրված կյանքից հողեղեն
Վերադառնում ենք այն հին վայրերը,
Ուր մենք ենք ապրել, ուր մենք ենք եղել:

Ասես անցնում ես ինքդ քո կողքից,
Ու քեզ տանջում է կարոտը անհուն.-
Ի՞նչ է անրջում այդ պահին հոգին,
Ծանրանո՞ւմ է նա, թե՞ թեթևանում:

ճակատագրի այս հողմերի մեջ
Մենք չգիտենք` մեզ բախտն ուր կքշի,
Մե՞նք Ենք հողեղեն այս խորշը հիմնել,
Որտեղ թախծում է հոգին անկշիռ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում