AM | RU
USD
EUR
RUB

Ցանկանում ենք հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ կերտելու մեր երազած ազգային պետությունը. Ազգային Օրակարգ Կուսակցություն

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային Օրակարգ Կուսակցության Հռչակագիր

Արդի ժամանակաշրջանում Հայ ազգը կանգնած է անկախ պետականության վերակերտման, ազգային պետության և առողջ հասարակության ձևավորման կենսական մարտահրավերների առջև: Անցյալում ունեցել ենք թե՛ փառահեղ հաղթանակներ և թե՛ ծանր պարտություններ, թե՛ քաղաքակրթական սխրանք և՛ թե օտարի լծի տակ ապրելու անպատվություն։ Մենք, որպես պետություն և հանրություն, որոնման մեջ ենք՝ կառավարման և կեցության այն սկզբունքների և ձևերի, որոնցով կապահովվի Հայաստանի և Հայ ազգի լիարժեք կենսագործունեությունը և կայուն զարգացումը: Այդ որոնումն ընթանում է ներքին ցնցումների և նորացման ճիգերի միջով, ինչի ականատեսն ենք մենք պարբերաբար լինում։

Դրան զուգահեռ շարունակվում է պայքարը` ապահովելու մեր արտաքին անվտանգությունը և մեզանից խլված բնական կենսատարածքի ազատագրումը։ Մեզ շրջապատող աշխարհը նույնպես լի է բուռն զարգացումներով՝ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հակասությունների սրում, ֆինանսա-տնտեսական անկայունություն, տեխնոլոգիական ճեղքում և համաշխարհայնացում: Այս իրավիճակը Հայաստանի ու Հայ ազգի համար ստեղծում է լուրջ վտանգներ, բայց և բացում է մեծ հնարավորություններ:

Այսօր կանգնած լինելով հայոց պատմության վճռորոշ փուլում, վերաիմաստավորելով անցյալը և հայացքով դեպի ապագան՝ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը և իրավունքը` կերտելու համայն հայության ազգային պետությունը և այդ միտումով հռչակում ենք

ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Տեսնում ենք Հայաստանը ազատ և կենսունակ, անվտանգ ու ապահով, նորարար և մրցունակ:

Հայաստան և Հայ հանրություն, որի համբավն է բարձրորակությունն ու բարձրակարգությունը հանրային և մասնավոր կյանքի բոլոր դրսևորումներում:

Հայաստան, որը Հայ ազգի լիարժեք ինքնիրագործման և զարգացման գլխավոր երաշխավորն է, համայն աշխարհի հայության շահերի կենտրոնն ու պաշտպանը:

Հայաստան, որը պաշտպանն է ազգային կենսատարածքի և ժառանգության ու հետևողական պահանջատերն է մեր հավաքական իրավունքի։

Հայաստան, որը վերականգնել է համաշխարհային քաղաքակրթական հոլովույթներում իր ճանաչված դերն ու հռչակը:

Հայաստան, որը Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ներդաշնակ և արդյունավետ երկխոսության, մշակութային համադրության կարևոր հանգույց է, որը տալիս է համամարդկային խաղաղ գոյակցության ու կայուն զարգացման բանաձևեր և լուծումներ:

Տեսնում ենք Հայրենիքը Պետություն դարձած և Պետությունը՝ Հայրենիք, որպես միաձույլ մի հասկացություն՝ ՀԱՅԱՍՏԱՆ:

ՄԵՐ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Առաքինություն: Առաքինությունն է մեր տեսլականի և առաքելության իրագործման հիմնական բանալին: Առաքինություն ասելով մենք հասկանում ենք հավատամքի, խոսքի և գործի միասնություն, պրոֆեսիոնալիզմ ու պատասխանատվություն, բարձրակարգություն և բարձրարժեքություն ամեն ինչում:

Արարում և զարգացում: Հայության ուղին մշտպես արարելն է, դա մեր ինքնարտահայտման բարձրագույն ձևն է։ Միայն արարման միջոցով է հնարավոր ապահովել երկրի հարատև զարգացումը հինգ հիմնական փոխկապակցված ուղղություններով՝ տնտեսական, բնապահպանական, սոցիալական, հոգևոր և մշակութային: Զարգացումը հարատև է, եթե յուրաքանչյուր սերունդ հաջորդին ժառանգում է ավելի առողջ և բարեկարգ հայրենիք՝ բնություն, բնակավայրեր ու ենթակառույցներ, մշակույթ և ավանդույթ, ոգի ու գենոֆոնդ:

Ազատություն և պատասխանատվություն: Արարումը հնարավոր է ազատության լիարժեք իրագործման ճանապարհով։ Ազատ ապրելու և զարգանալու իրավունքը անպայմանորեն զուգակցվում է համարժեք պատասխանատվությամբ: Պատերնալիզմը և ամբոխավարությունը ազատությանը հակոտնյա են և մերժելի: Հասարակական-քաղաքական համակարգի հիմքը Ազատ մարդն է՝ իր գիտակից և պատասխանատու ընտրությամբ։

Արդարություն և հավասար հնարավորություններ։ Հայաստանում արդարությունը պետք է երաշխավորված լինի իր բոլոր դրսևորումներով, ներառյալ օրենքի գերիշխանություն, բարձրորակ արդարադատություն, հանրային բարիքների հավասար մատչելիություն և խելամիտ բաշխում։ Հայաստանում քաղաքացիների համար պետք է ապահովված լինեն նպաստավոր պայմաններ և հավասար հնարավորություններ՝ ազատ ստեղծարարության ու բարեկեցության համար։

Անվտանգություն։ Հայ ազգի հավաքական կյանքը սեփական երկրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված է նրա ներքին և արտաքին անվտանգությունը։ Այն պահանջում է պետության և հասարակության խոր փոխհամաձայնություն, շարունակական աշխատանք ու անվերապահ նվիրում՝ ստեղծելու և զարգացնելու տարածաշրջանում առավել արդյունավետ անվտանգության համակարգ, ներառյալ առավել մարտունակ բանակ: Արտաքին անվտանգության պարագայում հրամայական է նախաձեռնողական քաղաքականության իրականացումը՝ առկա և հետագա վտանգներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու նպատակով։ Ազգային պետությունը պետք է անի առավելագույնը միջազգային իրավունքի շրջանակում Հայոց Ցեղասպանությանն ու Հայրենազրկմանը համարժեք փոխհատուցում ստանալու համար և ապահովելու, որ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը ճանաչվի որպես այդ ուղղությամբ առաջին և անվերապահ քայլ։

Մշակութային վերափոխում: Քաղաքակրթական զարգացումը հանրությունից մշտապես պահանջում է ինքնահաղթահարում, մշակութային վերածնունդ և վերափոխում: Մշակույթը մենք հասկանում ենք իր լայն իմաստով՝ արվեստ և կրթություն, ավանդույթ ու ծես, հաղորդակցության ձևեր, երկխոսություն և համագործակցություն, տնտեսվարում ու պետական կառավարում, քաղաքականություն և պատերազմ: Քաղաքակրթական վերելքը կայուն և արգասավոր կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմնված է բարձր մշակույթ կրող անհատների, հանրության ու հաստատությունների վրա:

Արդիական և արդյունավետ պետություն: Հայաստանում պետության գործառույթները պետք է կենտրոնանան ազատության, արդարության և անվտանգության երաշխավորման վրա։ Պետությունը պետք է սոցիալական քաղաքականության միջոցով ապահովի հասարակության համաչափ զարգացումը, և հնարավոր նվազագույնի հասցնի իր անմիջական ներգրավվածությունը տնտեսության մեջ։ Պետությունը պետք է առաջնորդի հայության ընդհանրական ազգային նպատակների ձևակերպման գործընթացը և լայն ազգային համաձայնության հիման վրա ապահովի դրանց իրացումը։ Ազգային պետությունը պետք է լինի արդիական, նախաձեռնող և արդյունավետ:

ՄԵՆՔ

Այսօր մենք քաղաքական հայտ ենք ներկայացնում, քանի որ ցանկանում ենք հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձևավորելու մեր արդի ազգային օրակարգը և կերտելու մեր երազած ազգային պետությունը։ Մեզանից յուրաքանչյուրը երկար ճանապարհ է անցել, ունեցել մասնագիտական հաջողություններ և ձեռք բերել ճանաչելիություն` միաժամանակ իր կարողությունների զգալի մասը ներդնելով հանրային գործունեության մեջ։ Մեր ջանքերը մշտապես ի սպաս ենք դրել երկրի զարգացման հիմնական գերակայություններին՝ մասնավորապես օժանդակելով անվտանգության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, միջազգային հեղինակության բարձրացմանը, արդիական կրթահամակարգի ձևավորմանը և հայրենադարձությանը։

Այսօր բարձրացնում ենք մեր ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի և պատրաստ ենք մեր դավանած սկզբունքները, ընդհանրական ազգային մտածելակերպը ու մասնագիտական ներուժը լիարժեք ի սպաս դնել հանրությանը։ Մենք նախաձեռնում ենք նոր քաղաքական ուժի ստեղծում և կոչ ենք անում մեր համախոհներին միանալ մեզ` համատեղ ջանքերով ձևավորելու հանրային վստահություն և քաղաքական իշխանության իրացման միջոցով իրականություն դարձնելու ազգային պետությանը վերաբերող մեր հավաքական իղձերը։

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախումբ

Ավետիք Չալաբյան

Արա Գասպարյան

Արա Հակոբյան

Իգոր Զարգարյան

Հայկ Շեկյան

Վարդան Մարաշլյան

Հանձնախմբի քարտուղարն է Արա Գասպարյանը

Հեռախոս՝ 055 516500

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով Հոնկոնգցի փորձագետը հայտնել է «Քովիդ-19»-ի՝ առավել վարակիչ շտամի առաջացման մասին Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից. Շուշան Ստեփանյան Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan