«Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը

«Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետտուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։

Նշվում է՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999 թ.-ի հոկտեմբերի 12-ի ՀՕ-4 օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:

Նշվում է, որ վերջին 20 տարվա ընթացքում աճել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, միջին ամսական աշխատավարձը, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նվազագույն աշխատավարձի չափը, սպառողական գների ինդեքսը:

Բացի դա, ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկության համաձայն` նախորդ երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների հավաքագրած պետտուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ:

Նախագծով առաջարկվում է.

1) Տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6 000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9,77 %-ը: Նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև տուրքի գանձման այլ դեպքերը,

2) տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25 000 000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Առաջարկվում է սահմանել նաև տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում`15 000 000 դրամ, և Վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10 000 000 դրամ,

3) սահմանել տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար,

4) տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում,

4) վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար տուրքի չափերը,

5) փոփոխության ենթարկել տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Առաջարկվում է վերանայել դրույթները, որոնք գործնականում չեն կիրառվում, օրինակ՝ տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Որպես արտոնություն առաջարկվում է նախատեսել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարման համար դատարան դիմելու դեպքերը։ Վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և ՀԿ-ի ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված,

6) կապված քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ՝ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում