Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս

Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԵրկու օր առաջ գիշերը՝ ժամը 12-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Շատին բնակավայրում տեղի է ունեցել զինված միջադեպ, փորձել են ներխուժել մեր համագյուղացու՝ Հովիկ Մանուկյանի տուն, ջարդել են նրա մեքենան: Այս մասին Tert.am-ին ահազանգեց Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Համայքի բնակիչը պնդեց, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խորհրդականը՝ ՔՊ-ական Նարեկ Մարտիրոսյանը:

«Ամեն ինչ սկսել է մեքենա վարելու ձևի հետ կապված պատմությունից, միջադեպը սկզբում ծագել է Հովիկ Մանուկյանի որդու՝ Նարեկ Մարտիրոսյանի, նրա աներորդու՝ նախկին համայնքապետ Մամիկոն Սմբատյանի եղբոր որդու՝ Վարդան Սմբատյանի միջև: Այնուհետև Վարդան Սմբատյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Նորայրը գնացել են Հովիկ Մանուկյանի տուն՝ նրա որդու հետ վեճն ավարտելու համար, զենքը պարզել են Հովիկ Մանուկյանի վրա, հնչել են նաև կրակոցներ, մեքենան ջարդել են, բարեբախատաբար ոչ ոք չի վիրավորվել: Հիմա դեպքը խնամքով ծածկում է թե՛ ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն, փորձում են մարզպետի խորհրդականին արանքից հանել»,-ասաց նա։

Tert.am-ի հետ զրույցում Եղեգիս խոշորցաված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նախ հերքեց՝ նշելով, որ համայնքում առհասարակ միջադեպ չի եղել, ավելի ուշ ասաց, որ միջադեպ եղել է, բայց զինված անձ չի եղել:

«Գիշերը չի եղել, այլ իրիկվա կողմն է եղել, գնացել են մեքենայի գործ անող տղայի մոտ, վիճաբանություն է եղել երեք հոգով նրանք են եղել, երեքով են նրանք են եղել, լեզվակռիվ ու քաշքոց է եղել, վերջ: Նարեկ Մարտիրոսյանն էլ ընդհանրապես այնտեղ չի եղել, կողքից ուզում են պղտոր ջրում ձուկ բռնեն»,-ասաց նա:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ հունիսի 30-ին ժամը 23:40-ին Շատին համայքի բնակիչներից մեկից խուլիգանության մասին ահազանգ են ստացել, քաղաքացին հայտնել է, որ իրեն հարվածել են, կոտրել են առանձնատան դիմաց կայանված մեքենայի դիմապակին:

Ինչ վերաբերում է զենքով քաղաքացուն սպառնացել են, թե ոչ, ապա Ոստիկանությունը մանրամասներ չհաղորդեց: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, հանգամանքները պարզվում են:

Tert.am-ը խոսեց նաև Հովիկ Մանուկյանի հետ, վերջինս ասաց, որ չի կարող ասել, թե նախնական վեճը ինչից է առաջացել, միայն կարող է ասել , թե իր տանն ինչ է կատարվել:

«Տունը պառկած եմ եղել, մեկ էլ գմփոց լսվեց, հելա դուրս, տեսնեմ ավտոս ջարդում են: Ասեցի՝ ինչ եմ արել, որ ավտոս ջարդում եք, Վարդան Սմբատյանը զենքը պահեց վրաս, ասաց՝ կխփեմ, ռիսկ չարեցի որևէ գործողություն անեմ, կարծեցի՝ կկրակի, հետո մեր գոռգոռոցներից հարևանները եկան: Այնտեղ տեսել եմ նաև Նարեկ Մարտիրոսյանին, երբ զենքը Վարդանը վրաս էր պահել, այդ պահին Նարեկ Մարտիրոսյանին այնտեղ չեմ տեսել, հարևանների գալուց հետո եմ տեսել: Հարևանները մեզ օգնեցին, կինս ընկել էր գետին, վատացել էր: Հարևաներս էլ Ոստիկանությունում ասել են, թե ինչ է կատարվել: Ոստիկանության աշխատանքից շատ դժգոհ եմ, Վարդանին, եթե հենց գիշերը բռնեին՝ զենքն էր ձեռքն էր, հիմա փորձում են ներկայացնել՝ թե զենք չի եղել, բայց անկանոն կրակոց է հնչել»,-ասաց նա:

Հովիկ Մանուկյանը նշեց, որ մտավախություն ունի, որ Նարեկ Մարտիրոսյանը կարող է ազդել գործի քննության վրա, քանի որ միջադեպի մասնակիցների հետ բարեկամներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում