Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)

Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Իշխանությունն իր հիմնական շեշտադրումը կատարում է ոչ թե իր արածի կամ անելիքների, այլ նախորդ շրջանի իրական կամ մտացածին ձախողումների վրա, և այդ համեմատության մեջ փորձում է ցույց տալ թե՛ իր ձեռքբերումները, թե՛ սեփական տապալումների պատճառը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Անցյալի ու ներկայի համեմատության մեջ որոշել՝ ո՞րն էր լավը, ո՞րը՝ վատը, անպտուղ գործ է, այդպես ապագան չի կերտվում: Թող իշխանությունը համեմատի սեփական գործունեության շրջանները, խոստումները՝ մեկ տարի առա՞ջ էր լավ, թե՞ հիմա: Իշխանության ասածն ու արածն իրար հակասում են, կա խզում: Ապագայի դիսկուրս բացելու համար անցյալին գնահատական տալը բավարար չէ»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Սեյրանյանի՝ անցյալի գնահատականն իմաստ ունի միայն մի դեպքում, երբ այն համապարփակ է և ամբողջական, վերհանված են ոչ միայն բոլոր թերությունները, այլև ձեռքբերումները. «Պետք է պատրաստ լինել խոստովանելու, որ ներկայիս ձախողման պատճառը ոչ թե անցյալի սխալներն են, այլ ծրագրի բացակայությունը: Այդ ինչպե՞ս է լինում, որ չորս տարի շարունակ պնդում էին՝ Ապրիլյան պատերազմը պարտություն էր, և գործող իշխանությունը պարզում է, որ այն հաղթանակ էր: 2018-ին իրական դժգոհություններին գումարվեցին կեղծ, առասպելական դրվագներ, և առաջացավ հանրային ինքնադրսևորում՝ մերժել մեկ անձի»:

ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով՝ մերժելուց հետո գործելը շատ ավելի կարևոր է, մինչդեռ 2018-ին կար կարգախոս՝ մերժել, չկար բովանդակություն՝ ի՞նչ անել հետո. «Այսօր ձևավորվում է ներկա իշխանությանը մերժելու տրամադրություն, քանի որ նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր էր: Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո: 2018-ին կար մերժման և ոչ թե կառուցման առաջնորդ: Այսօր խոսել Փաշինյանի մասին, նրա հետ կամ նրա դեմ՝ անիմաստ է: Այս իշխանությունն արդեն մի ոտքով անցյալում է: Իշխանությունը չգիտի՝ իր հաջորդ քայլը որն է լինելու, չկա ծրագիր, տեսլական, թե ինչպիսի Հայաստան են կառուցում»:

Սպարտակ Սեյրանյանի պնդմամբ՝ ապագայի կերտման քաղաքական օրակարգը դեռևս չկա, և այդ դեպքում դարձյալ ամեն ինչ հանգելու է մեկ անձի իշխանության փոփոխման. «Պետք է բանավեճ լինի, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել: Հայաստանի փրկությունը ոչ թե անձերի, այլ իշխանության որակի փոփոխության մեջ է, ինչը կարող է լինել միայն ընտրությունների միջոցով: «Մերժիր Նիկոլին» բանաձևը կփրկի մեզ անկումից, բայց դա երկրի զարգացման ծրագիր չէ: Ամեն դեպքում, եթե վաղը հումանիտար աղետ սկսվի, պետք է մտածել նախ ժողովրդի փրկության և ապա՝ զարգացման ծրագրերի մասին»:

ՀՅԴ Բյուրոյի անդամի պնդմամբ՝ ցավալի կլիներ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը կոչվեր Հայաստանի փրկության կառավարություն: «Արտակարգ դրության երկարաձգման պատճառը ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարն է, այլ մարդկանց ազատ կամքի դրսևորման սահմանափակման մղումը, մյուս կողմից՝ հնարավորինս շատ քաղաքացիների տուգանելու ցանկությունը: Երբ արտակարգ դրությունն ավարտվի, մարդիկ փողոց են դուրս գալու»,- ամփոփել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում