Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ

Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱմուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:

Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում