«Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը
Նմանատիպ
Հացի բազմացման հրաշքի մասին պատմում են չորս ավետարանիչները (Մատթ. 14:15-21; Մարկ. 6:31-44; Ղուկ. 9:10-17; Հովհ. 6:1-15):
Այս թեման իր գեղարվեստական արտացոլումն է գտել Մատենադարանի № 7651 ձեռագրում, ուր ներկայացված է «Հացի բազմացման» չորս տեսարան, որոնք բխում են գրեթե նույն պատկերագրությունից, թեև փոխվում են սյուժետային գծի փուլերը և պերսոնաժների թիվը: Առաջին նկարում (Սարգիս Պիծակ) գործողությունը ծավալվում է ձախից աջ. Քրիստոսը օրհնում է հացը, տալիս իր երկու աշակերտներին, որոնք էլ այն մեկնում են արդեն գետնին բազմած ժողովրդին: Մյուս պատկերը բաժանված է հետևյալ մասի. ա) Քրիստոսը երկու աշակերտների միջև, որոնք հայտնում են, թե ժողովուրդը քաղցած է. բ) Քրիստոսը օրհնում է հացը, տալիս աշակերտներին, ապա աշակերտներից մեկը այն բաժանում է ժողովրդին:
Ավելի ուշագրավ է հաջորդ նկարը: Քրիստոսը նստած է ապառաժների վրա, օրհնում է հացը և տալիս Իր առջև կանգնած աշակերտներին, որոնցից մեկը, ուղղված դեպի ժողովուրդը, մեկնում է հացը. այնուհետև նկարն ընդհատվում է աշտարակաձև երկրաչափական պատկերներով, ապա ներկայացված է մի բարդ հորինվածք՝ ոսկե ֆոնի վրա. Քրիստոսը հացը տալիս է աշակերտներին, և նրանք, միմյանց փոխանցելով, այն հանձնում են բազմած ժողովրդին. Քրիստոսը, աշակերտները, ժողովուրդը նկարված են գալարաձև, որ հատուկ ռիթմ ու կենդանություն է տալիս:
Ուշագրավ է «Քրիստոսը կերակրում է ժողովրդին» նկարը «Բժշկության ավետարանում»: Մեկ անդամալույծ, կույր, բորոտ կամ դիվահար չէ, որ բուժում է Քրիստոսը, այլ քաղցից փրկում է մի ամբողջ ժողովուրդ: Դա բավականաչափ բարդ, բարդության մեջ յուրօրինակ կենդանի կոմպոզիցիա է: Ձախից ողջ հասակով պատկերված է Քրիստոսը: Նրա գոտկատեղից ցած, ուղիղ գծով իջնող և ցածում՝ փեշի ուղղությամբ, կանաչ գույնի մակերեսն է, որը հասնելով Պետրոսին՝ իջնում ու կրկին շարունակվում է հորիզոնական ուղղությամբ: Այդ թավշե թարմ կանաչի վրա, ավելի մուգ զմրուխտե կանաչով միմյանց զուգահեռ ուղղահայաց գծեր են իջեցված: Այդ կարպետանման կանաչ մակերեսը նշանակում է «խոտ յոյժ ի տեղւոջն», որի վրա «բազմեցան մարդիկ թուով իբրեւ հինգ հազար»: Այդ կանաչ ֆոնին միմյանց վրա պատկերված է երեքական զույգ գլուխ: Գլուխները խորհրդանշում են բազմած ժողովրդին: Նրանց մեջտեղում կարմիր պարեգոտով ու կանաչ կապայով կիսադեմով մի պատանի ձեռքը մեկնել է վեր, հայացքը՝ դեպի կանաչ դաշտի վերևում պատկերված երեք առաքյալները, որոնք նրանից վերցնում են հացը: Դա այն պատանին է, որի մասին Սիմոն Վեմի (Պետրոս առաքյալի) եղբայր Անդրեասն ասում է. «Է աստ պատանեակ մի, որ ունի հինգ նկանակ գարեղէն եւ երկուս ձկունս»: Ոչ միայն իր կառուցվածքով, այլև գույնով մի նրբին կալեյդոսկոպ է այդ կանաչ դաշտը՝ դեմքերի ու մազերի լոկալ երանգների և մեղմ կապտավուն ստվերերանգների, աղյուսագույն, կարմրավուն և դարչնագույն ուրվագծերի, հագուստների կարմիր, կանաչ, կապույտ գույների հարաբերակցությամբ: Սարգիս Պիծակը հասել է կոմպոզիցիոն կատարյալ ամբողջականության: Պերսոնաժների կենդանի և ազատ շարժումների միջոցով նա աշխուժություն է հաղորդում մակերեսներին, հստակ, բարդություններից ու մանվածապատություններից զերծ մակերեսներին:
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում