Մխիթար Սեբաստացի․ երեք դարից ավելի շարունակվող առաքելություն
Կարդացեք նաև
Այս տարի լրացել է հայ մտքի և հոգևոր կյանքի մեծագույն գործիչներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը։ Մեծ վարդապետի հոբելյանը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Հատկապես այնտեղ, որտեղ մինչ օրս շարունակվում է Մխիթարյան միաբանության գործունեությունը։
Մխիթար Սեբաստացու ժառանգությունը միայն նրա անցած ճանապարհը չէ։ Դա մի գաղափար է, որն ավելի քան երեք դար շարունակ միավորում է կրթությունը, գիտությունը, լեզուն և հավատքը՝ որպես ազգի պահպանման հիմնասյուներ։
350-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռ փետրվարին՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։ Մայրավանքում մատուցվել է հանդիսավոր պատարագ, կազմակերպվել են գիտական, մշակութային և կրթական նախաձեռնություններ։
Տարվա ընթացքում անցկացվել են համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, ներկայացվել են Մխիթարյան միաբանության գործունեությանն ու ժառանգությանը նվիրված ծրագրեր։ Հոբելյանի շրջանակում թողարկվել է նաև հատուկ հուշադրամ։
Տասնութերորդ դարի սկզբին Մխիթար Սեբաստացին ձևակերպեց մի գաղափար, որը հետագայում դարձավ ամբողջ միաբանության գործունեության հիմքը՝ ազգը հնարավոր է պահպանել կրթության, լեզվի, մշակույթի և քրիստոնեական արժեքների միջոցով։
Դարերի ընթացքում Մխիթար Աբբահոր հիմնած միաբանությունը ստեղծել է հսկայական գիտական և մշակութային ժառանգություն՝ հրատարակելով գրքեր, բառարաններ, դասագրքեր, պատմագիտական և բանասիրական աշխատություններ։
Այսօր այդ առաքելության շարունակողներից է նաև Մխիթարյան ճեմարանը, որտեղ կրթությունը դիտվում է ոչ միայն որպես գիտելիքի փոխանցում, այլև որպես ազգային ինքնության պահպանման միջոց։
Մանրամասները՝ տեսանյութում.