Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՌԴ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը սկսելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

Դեղամիջոցի արտադրման մեջ իր ներդրումն է ունեցել նաև Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը: Դրա ղեկավար Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ հիմնադրամը պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ չափաբաժնի պատվեր է ստացել ավելի քան 20 երկրից: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է պատվաստանյութ արտադրել 5 երկրում: Նրա խոսքով` առկա հզորությունը թույլ է տալիս արտադրել տարեկան 500 միլիոն չափաբաժին:

Դեղամիջոցն իրենից ներկայացնելու է ներմկանային ներարկման լուծույթ:

Պատվաստումները ծրագրում են անցկացնել 2 փուլով. սկզբում առաջին բաղադրիչով, երեք շաբաթ անց` երկրորդ:

ՌԴ առողջապահության նախարարությունում տեղեկացրել են նաև, որ կրկնակի պատվաստումը թույլ է տալիս մինչև երկու տարի ժամկետով իմունիտետ ձևավորել օրգանիզմում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Արևմուտքում կասկած են հայտնել ռուսական գրանցված պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում